Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցելու 12 կուսակցությունների՝ ՀՅԴ, «Ժառանգություն» եւ այլն, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ հոկտեմբերի 9-ին կազմակերպած բողոքի երթին եւ հանրահավաքին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Վերջինս հայտնեց, որ հանրահավաքին եւ երթին մասնակցելու հրավեր ՀԱԿ-ը չի ստացել, սակայն ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկ-երկուսի հետ «սեպարատ բանակցություններ են տարվել այդ ուղղությամբ»:
«Մի երկու կուսակցության առաջարկ արել են, փորձել են նրանց ներգրավել: Այն հանգամանքը, որ ամբողջ կոնգրեսի հետ չեն փորձում բանակցել, նույնպես ցույց է տալիս, որ հետապնդել են ընդդիմության պառակտման, ոչ թե իշխանության գործողությունների դեմ պայքար ծավալելու խնդիր»,- արձանագրեց Լեւոն Զուրաբյանը: Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը ստեղծվել է 2008թ. օգոստոսի 1-ին եւ ներառում է 18 կուսակցություններ: ՀԱԿ-ը ղեկավարում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:




























