Ադրբեջանն ուժերի կրիտիկական առավելություն չունի, եւ նման պայմաններում պատերազմ սկսելն ավանտյուրիզմ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Նախ, իմ համոզմամբ, Բաքվում պատերազմը վերսկսելու մասին քաղաքական որոշում դեռեւս չի ընդունվել։ Ռազմաքաղաքական գործընթացները հուշում են, որ Բաքուն առաջնորդվում է «սպառնա՛ պատերազմով, սակայն մի՛ սկսիր այն» տրամաբանությամբ։ Երկրորդ, ես չեմ հավատում սպոնտան պատերազմի հավանականությանը։ Նմանօրինակ սցենարը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին»,- նկատեց Ջամալյանը։
Փորձագետի խոսքով, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չի սկսում երկու պատճառով. միջազգային հանրությունը շահագրգիռ չէ պատերազմի հարցում, ինչի մասին վկայում է Դովիլի հայտարարությունը, եւ հայկական կողմն ուժեղ է, ինչը լավ գիտի ադրբեջանական կողմը։ Ինչպես ընդգծեց Ջամալյանը, Իլհամ Ալիեւը նման ավանտյուրայի չի գնա, քանի որ անհաջող պատերազմը կնշանակի ոչ միայն նոր տարածքների, այլ նաեւ իշխանության կորուստ։
«Եթե Ադրբեջանը վստահ լինի, որ կարող է հեշտորեն հաղթել, կանի դա, քանի որ երազում է կարճատեւ պատերազմում տարած կայծակնային հաղթանակի մասին»,- ամփոփեց փորձագետը։




























