Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային մուտքերը մի փոքր գերազանցեցին պետական բյուջեի ընդհանուր եկամուտների ցուցանիշը` 109,7 տոկոս 109,5 տոկոսի փոխարեն:
Այդ պատճառով 0,1 տոկոսային կետով աճեցին հարկային մուտքերը նաեւ պետբյուջեի ընդհանուր եկամուտի մեջ` 73,2 տոկոսից հասնելով 73,3 տոկոսի: Պետբյուջեի եկամուտների աճը (ավելի քան 16 միլիարդ դրամ) բացարձակ թվերով հիմնականում պայմանավորվեց հարկային մուտքերի աճով` ավելի քան 11,2 միլիարդ դրամ: Ավելացված արժեքի հարկը 5,3 միլիարդ դրամ աճով ապահովեց պետբյուջեի ընդհանուր եկամուտների աճի 1/3-ը
Հարկային եկամուտների կառուցվածքում զգալի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Հարկերի ընդհանուր գումարում 0,9 տոկոսային կետով նվազել է ԱԱՀ-ի բաժինը, 0,4 կետով ավելացել է շահութահարկի բաժինը: Եթե այս խորհրդանշական փոփոխությունն առաջիկա ամիսներին դառնա կայուն միտում, ապա այն կարելի է որակել որպես դրական:
Պետբյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում ԱԱՀ-ն ավանդաբար գերաճած բնույթ ունի: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ԱԱՀ բաժինը 50,7 տոկոս է, շահութահարկինը` 15,3 տոկոս: Անուղղակի եւ ուղղակի հարկերի միջեւ այսպիսի հարաբերակցությունը հեռու է օպտիմալից:
Տնտեսագիտության մեջ ընդունված է համարել, որ ԱԱՀ-ն վճարում է ապրանքների եւ ծառայությունների սպառողը, իսկ շահութահարկը` առեւտրային ընկերությունները: Իրականում, իհարկե, բոլոր հարկերի բեռն ընկնում է ապրանքների եւ ծառայությունների վերջնական սպառողի վրա, սակայն այս ոլորտում որոշակի նրբություններ կան: Ապրանքների եւ ծառայությունների գների մեջ ինքնարժեքի արհեստական բարձրացումը բիզնեսին հնարավորություն է տալիս ստանալ չհիմնավորված բարձր եկամուտներ, որոնք երաշխավորում են կայուն բարգավաճում: Այդպիսի բան հնարավոր է թույլ մրցակցության պայմաններում, ինչը բնորոշ է որոշ ապրանքների եւ ծառայությունների շուկաներին Հայաստանում:
Հարկերի կառուցվածքում երրորդ տեղում եկամտահարկն է, որը պետբյուջեի հարկային մուտքերի ընդհանուր գումարում կրճատվել է 0,1 տոկոսով եւ կազմել է 13 տոկոս: Թեեւ բացարձակ թվերով եկամտահարկն ավելացել է 1,4 միլիարդ դրամով կամ 8,7 տոկոսով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` ընթացիկ տարվա ապրիլին միջին ամսական աշխատավարձի աճի տեմպը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 105,2 տոկոս: Սակայն այդ աճը գրեթե զրոյացվել է եկամտահարկով: Որոշ հաշվարկներով եկամտահարկի հիմնական բեռն ընկնում է աշխատավոր ժողովրդի ուսերին: Ունեւոր դասը եկամտահարկ քիչ է վճարում, որոշ դեպքում օրինական հիմքերով` ֆիզիկական անձանց շահաբաժնից այս հարկատեսակը չի պահվում:
Հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է ակցիզային հարկի եւ ֆիքսած վճարումների գումարը, համապատասխանաբար 6,4 եւ 5,8 տոկոսով: Այս անկումը կարելի է պայմանավորել օղու ե ծխախոտի արտադրության կրճատմամբ: Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ օղու արտադրությունը կրճատվել է 33,6, իսկ ծխախոտինը` 33,4 տոկոսով:




























