Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեին վերընտրել են երկրորդ ժամկետով։ Այսպիսով, նա կմնա իր պաշտոնում մինչեւ 2013 թվականը։ Հետաքրքիր է, որ 67-ամյա Ռոգեն այդ պաշտոնի միակ թեկնածուն էր, այնպես որ հաղթանակը նրան «արյան գնով» չի տրվել։ Բելգիացու օգտին է քվեարկել 88 մարդ, դեմ՝ միայն մեկը։

Ռոգեն վստահության համար իր երախտագիտությունն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին՝ նշելով, որ նրանք շատ բանի են հասել այդ ընթացքում։ Ավելորդ չի լինի նշել, որ Բրազիլիայից ՄՕԿ-ի անդամ եւ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժը նախքան քվեարկությունն առաջարկել է այն բաց անցկացնել, սակայն Ռոգեն պնդել է գաղտնի քվեարկության վրա։

Ռոգեն ՄՕԿ-ի 8-րդ նախագահն է։ Նա այդ պաշտոնը ստանձնել է 2001 թվականին՝ փոխարինելով իսպանացի Խուան Անտոնիո Սամարանչին։ Վերջինս ղեկավարել է ՄՕԿ-ը 21 տարի շարունակ։