Թուրքիայում պաշտոնաթող գեներալ Իլքեր Գյուվենի կողմից դատարան ներկայացրած ապահարզանի պահանջի հերթական լսման ժամանակ հետաքրքիր հայտարարություն է հնչել:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` դատական նիստին մասնակցել է պաշտոնաթող գեներալ Իլքեր Գյուվենի փաստաբանը, նրա կինը` Սունահանըմ Գյուվենն ու կնոջ փաստաբանը:  Գեներալի կինը դատարանում հայտնել է, թե ապահարզան պահանջող ամուսնու կողմից մեկուսացվել է եւ ստացել հոգեկան խանգարում: «Հայցվոր կողմը պնդել է, թե ես հայ եմ. Թե իմ հայրն ու մայրը Երեւանում են ծնվել: Ինչպես նաեւ, իբր թե որդիս թմրանյութ է օգտագործում, որի պատճառով նա ցանկանում է ամուսնալուծվել: Նա պնդում է, թե այս ամենը նրանից թաքցրել եմ: Ես ասում եմ, որ ես մահմեդական եմ»,-ասել է գեներալի կինը` շեշտելով, որ դատական գործը կտեղափոխի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ Իլքեր Գյուվենը դատարան է դիմել ամուսնալուծության պահանջով` պատճառաբանելով, թե իր կինն իրեն դավաճանել է մշակույթի նախարարի հետ: Գեներալի կինն իր հերթին հայտարարել է, թե ամուսինը ծառայության ավարտից հետո մեծ պայուսակով գաղտնի փաստաթղթեր էր տուն բերել, որոնք պարբերաբար վաճառում էր` դրանց դիմաց ստանալով 20 հազար դոլար: