«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի կնոջը, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Նաիրա Խաչատրյանը բախվել է «բյուրոկրատական բարդությունների»` Երեւանից Իսրայել մեկնելու փորձի ընթացքում:

«Թբիլիսիի հյուպատոսությունում, ուր մենք ստիպված էինք դիմել, քանի որ Հայաստանում դինավագիտական առաքելություն չկա, հայտարարեցին, որ տիկին Խաչատրյանը պետք է ստանա Իսրայելի ՆԳՆ-ի հրավերը»,- IzRus կայքին հայտնել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:

«Սովորական փաստաթղթերը բավարար չեն: Ամաչում եմ, ազնիվ խոսք: Ես չեմ մեղադրում հյուպատոսությանը, ինձ հասկանալի չէ Իսրայել Պետության մոտեցումը»,- ասել է նա:

IzRus կայքի ստուգումը ցույց է տվել, որ Հայաստանի քաղաքացիների համար իսկապես բարդ է ստանալ Իսրայել մուտքի վիզա: Հրավիրող կողմը` ազգականներ, զբոսաշրջային ընկերություններ, հիվանդանոցներ եւ այլն, պետք է հրավերն ուղարկեն ՆԳՆ-ի միջոցով, որից հետո հրավիրյալը կարող է դիմել հյուպատոսություն:

«Հայաստանից Իսրայել են գալիս ուխտագնացները, նրանք, ովքեր ազգականներ ունեն եւ բուժվելու կարիք ունեցողները: Սակայն ինչպես հաճախ է լինում, մարդիկ չեն կարողանում գալ, քանի որ բյուրոկրատական բարդություններ կան»,- ասել է Վարժապետյանը: