Աշտարակի հիվանդանոցից այսօր` հունիսի 3-ին ժամը 00:40-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Քննչական խումբը պարզել է, որ տղամարդը Օշականի բնակիչ 50-ամյա Յուրիկ Ավետիսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել ավտովթարի հետեւանքով: Նա իրեն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 17 ԼՏ 654 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Երեւան ավտոճանապարհին, Աշտարակ քաղաքը շրջանցող նորակառույց կամուրջն անցնելուց հետո դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, շրջվել ու 7-8 պտույտ գլորվել:
Գիշերը ժամը 02:50-ի սահմաններում, Աշտարակի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում Յուրիկ Ավետիսյանը գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Գորիկ Չիլինգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ավագ քննիչ Չիլինգարյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի տուգանային հրապարակ:




Լուսանկարները եը տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























