«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը անկախության առաջին իսկ օրերից ծառացած է եղել Հայաստանի իշխանությունների դեմ, եւ այն իրավիճակը, որ առկա է այսօր այդ գործընթացում, նոր չէ»,- հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը։

Նշելով, որ Հայաստանի բոլոր 3 իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երբեք միեւնույն դիրքորոշումը չեն ունեցել, նա հավելեց, որ սխալները սկսվեցին այն ժամանակ, երբ հայկական կողմն իր մի քայլով՝ Ցեղասպանության հարցն օրակարգային դարձնելով, արտաքին քաղաքականությունում, առիթ տվեց Թուրքիային՝ 2005թ. հանդես գալ պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկով՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Ցեղասպանության փաստը։ «Այդ սխալը, սակայն, Սերժ Սարգսյանինը կամ Էդվարդ Նալբանդյանինը չէր. զիջման հիմքերը վաղուց էին դրված, եւ նրանք, ովքեր Ցեղասպանությունը աճուրդի էին հանում, պիտի գիտենային, որ աճուրդում հաղթում են հարուստները»,- հայտարարեց Վահան Փափազյանը։

Ընդգծելով, որ արցախյան պատերազմի տարիներին հայ-թուրքական խնդրի լուծման մասին խոսք անգամ լինել չէր կարող, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, երբեք էլ չի անդրադարձել դրան, Վահան Փափազյանը նշեց, որ ներկայիս իշխանություններն արեցին այն, ինչ որ արեցին։ Իսկ հարեւան Թուրքիայում, նրա խոսքերով, «հարցի կոորդինացումը ամենաբարձր մակարդակի վրա է դրված»: