Այսօր, հունիսի 3-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սանկտ Պետերբուրգ` հունիսի 4-ին Ռուսաստանի հետ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը: Տեխնիկական պատճառներով ինքնաթիռը կես ժամ ուշացումով է վայրէջք կատարել: Այդուամենայնիվ, ոչ մի փոփոխություն հավաքականի ժամանակացույցում չկա: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վայրէջքից հետո ասել է, որ ճաշից եւ հանգստից հետո մարզում կանցկացնեն, որից հետո ֆուտբոլիստներն ազատ կլինեն եւ նույնիսկ կկարողանան դուրս գալ քաղաք` զբոսանքի:

Մինասյանը նշել է, որ թեթեւ կարոտախտով է ժամանել Պետերբուրգ, քանի որ երկու տարի խաղացել է տեղի Լոկոմոտիվում: Իսկ վաղվա խաղում Մինասյանը բնականաբար ցանկանում է հաղթել:

Պետերբուրգի հետ կապված լավագույն հուշերն ունի նաեւ Սարգիս Հովսեփյանը, որը Զենիթում խաղալու ժամանակներից բազմաթիվ ծանոթներ է թողել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Հովսեփյանը հայտարարել է, որ Պետերբուրգում Հայաստանի հավաքականին ավելի հեշտ կլինի, քան Երեւանում, քանի որ առաջին խաղում երկրպագուները ճնշում են գործադրել, իսկ այժմ կճնշի միայն Ռուսաստանի թիմը եւ հակագրոհների շնորհիվ հնարավոր կլինի գերազանցել մրցակցին, հաղորդում է Սովսպորտը: