Մարզական մրցակցության ոգին ստիպում է մոռանալ Հայաստան – Ռուսաստան ռազմավարական գործընկերության մասին: Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան – Հայաստան ֆուտբոլային հանդիպման վերաբերյալ հայ քաղաքական գործիչներն ու գործարարների կանխատեսումը միայն լավատեսական է, սակայն հանուն արդարության նշենք, որ նույնիսկ ամենաֆուտբոլասեր այրերն ու բիզնեսմենները ծուլացել են մեկնել Սանկտ Պետերբուրգ` աջակցելու ազգային հավաքականին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ալեքս-Գրիգ» ընկերության սեփականատեր, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցրեց, որ Պետերբուրգ է ուղարկել «իր տղաներին», իսկ ինքը զբաղվածության պատճառով չի կարողացել մեկնել: Խաղին հետեւելու է տանը, ընտանիքի հետ, որդու հետ, որի խելքը գնում է ֆուտբոլի համար: «Իսկ ակումբներ ընդհանրապես չեմ գնում, ոչ ֆուտբոլ նայելու, ոչ էլ ընդհանրապես»,- հայտարարեց Ալեքսանյանը: Նա դժվարացավ կանխատեսել խաղի հաշիվը, սակայն շատ է ցանկանում, որ ավարտվի գոնե 1:0 հաշվով` Հայաստանի օգտին:
«Մաքս-կոնցերնի» սեփականատարեր, գործարարար-պատգամավոր Խաչիկ Մանուկյանը վստահ է Հայաստանի հավաքականի հաղթանակին: Նա նույնիսկ հաշիվը նշեց.
«3:2 հաշվով մեր հավաքականը կհաղթի»,- վստահեցրեց Մանուկյանը` նշելով, որ իր այդ պնդումը հիմնավորված է վերլուծություններով: «Ես ուշադիր հետեւում եմ ֆուտբոլային իրադարձություններին եւ գիտեմ, որ այսօր ռուսական հավաքականը լավագույն մարզավիճակում չէ եւ համարձակվում եմ պնդել, որ մեր ֆուտբոլիստները հաղթելու են»,- հայտարարեց Մանուկյանը:
Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նույնպես տրամադրված է հաղթանակի: Նրա խոսքով Հայաստանի հավաքականը կհաղթի 2:1 հաշվով: Մանուկյանի վստահության հիմքում վերլուծությունները չեն. «Ես երազ եմ տեսել եւ գիտեմ, որ մեր հավաքականը կհաղթի հենց այդ հաշվով»,- վստահեցրեց Սահակյանը: Նա ակումբում է հետեւելու խաղին:
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանով, որը տանը, ընտանիքի ֆուտբոլասեր անդամների հետ է դիտելու խաղը, նշեց, որ բարդ խաղ է սպասվում.
«Նյարդերի պայքար է լինելու, քանի որ Ռուսաստանի հավաքականը ուժեղ է, տվյալ խմբի ֆավորիտն է, բայց միեւնույն ժամանակ հայկական հավաքականը նույնպես լավ խաղային մարզավիճակում է»,- նկատեց Շարմազանովը: Նրա կարծիքով ամենահավանականը ոչ ոքի արդյունքն է:
«Ինչ խոսք, բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր ֆուտբոլիստները հաղթեն»,- երափակեց Շարմազանովը:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նույնպես կանխատեսեց ոչ ոքի: Մարտիրոսյանը գլամուրային ակումբներում խաղ դիտելու սովորություն չունի եւ տանն է հետեւելու հանդիպման ընթացքին:
Մեր զրուցակիցներից միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անտարբեր գտնվեց ֆուտբոլային կրքերի նկատմամբ:
«Կհաղթի, թե կպարտվի մեր հավաքականն այս խաղում` դրանից Հայաստանի ճակատագրում ոչինչ չի փոխվի: Ես ընդհանրապես չեմ սիրում, երբ դատարկ բաներից շոու են սարքում: Պարզ է, որ ռուսական հավաքականը հայկականից ուժեղ է, խաղալու է սեփական խաղադաշտում, հետեւաբար հաղթանակի ավելի մեծ շանսեր ունի»,- պրագմատիկ նշեց Բոստանջյանը:



























