Որպես Մերձավոր Արեւելքում, Կովկասում եւ Միջին Ասիայում ազդեցիկ պետություն՝ Թուրքիան Միացյալ Նահանգների կարեւոր դաշնակիցն է, գրում է ուկրաինական անգլալեզու Kyiv Post պարբերականը:
Թերթը նշում է, որ տասնամյակների ընթացքում այդ երկկողմ հարաբերությունները խոչընդոտում էին ամերիկահայերը, որոնք համառորեն փորձում էին ստիպել Սպիտակ տանը՝ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի սպանությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»:
Սակայն իրավիճակը կարող է շուտով փոխվել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու նախաստորագրված արձանագրությունները, որոնք, ինչպես եւ սպասվում էր, ստորագրվելու են շաբաթ օրը, պատմական նշանակություն ունեն եւ կարող են թուլացնել ամերիկյան դիվանագետների գլխացավը: Այդ գործընթացում հայկական Սփյուռքը կոշտ եւ ազգայնական դիրքորոշում է որդեգրել, սակայն Ամերիկայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ արդեն իրենց հավանությունն են տվել, ինչը զարգացումների դրական դինամիկա է ապահովում Օբամայի վարչակազմի համար:
Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի թուրքական նախագծի ղեկավար Բյուլենթ Ալիռիզան հայտարարել է, թե ԱՄՆ-ը առանցքային դեր է խաղացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Շվեյցարիայի միջնորդական առաքելության մեջ: «Սպիտակ տան վարչակազմը եւ թուրքական կառավարությունը ցանկանում են պարպել լարվածությունը, որ կապված է ԱՄՆ-ին ցեղասպանությունը ճանաչել ստիպելու տարեկան փորձերի հետ»,- նշել է Ալիռիզան:
Պարբերականը նաեւ մեջբերում է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերը. «Առաջին անգամ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների, ինչը ակտիվորեն աջակցութուն ստացավ Միացյալ Նահանգների կողմից»:




























