Նախօրեին Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ղարաբաղյան հակամարտության հարցով հանդիպումը խորհրդարանական ընդդիմության եւ իշխանական ուժերի ներկայացուցիչները տարբեր կերպ են գնահատում:

Եթե ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հանդիպումը որակել է որպես հայ դիվանագիտության ձախողում եւ պարտություն, ապա «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այն հայկական կողմի հաղթանակ է համարել:

Ստեփան Սաֆարյանի պնդմամբ, ներկայումս Մինսկի խմբի համանախագահները շեշտը դնում են Լեռնային Ղարաբաղի ենթակայության տակ գտնվող անվտանգության գոտու վերադարձման եւ այնտեղ միջազգային խաղաղարարների տեղակայման վրա: «Հայկական կողմը դեռ փորձում է դիմադրել դրան, սակայն նրա վրա մեծ ճնշում է գործադրվելու»,- կանխատեսեց Սաֆարյանը՝ կրկին ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական մերձեցումն ընթանում են զուգահեռ եւ փոխկապակցված գործընթացներ են:

Հովհաննես Մարգարյանն, ընդհակառակը, հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական մերձեցման միջեւ որեւէ կապ չկա, եւ որպես իր խոսքերի ապացույց բերել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքերը, որոնք վկայում էին, թե Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը հայ-թուրքական հարաբերությունների հարցը չի քննարկվել: Մարգարյանը նաեւ նախագահների հանդիպումը գնահատեց որպես հայկական դիվանագիտության հաղթանակ: «Լսեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքերը: Նրանք ասել են, որ հանդիպման արձանագրվել է՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ազգերի ինքնորոշման իրավունքի արձանագրման եւ տարածքային ամբողջականության հարգման պայմաններում: „Արձանագրել“ եւ „հարգել“ բառերի միջեւ տարբերությունն ակնհայտ է: Համանախագահները ցանկացել են ընդգծել, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա սկզբունք է, եւ դա հայկական կողմի ձեռքբերումն է»,- հայտարարել է Մարգարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Քիշնեւում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը նախատեսված 2-ի փոխարեն տեւել է 3,5 ժամ: Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշել են, թե նախագահների զրույցը «լուրջ եւ կառուցողական է եղել»: Ինչպես հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ «այնքան էլ շատ հարցեր չկան, որոնց շուրջ փոխհամաձայնութան չեն հասել»: Մերզլյակովը նշել է, որ նախագահները քննարկել են այն հարցերը, որոնց շուրջ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Իր հերթին Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ՝ ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Բրադկեն նկատել է, թե նախագահները «լրջորեն քննարկել են նշված խնդիրը», իսկ բանավեճի ընթացքում «ընդունվել են կողմերի որոշակի առաջարկները, որոնք կմտնեն հակամարտության կարգավորմանն առնչվող փաստաթղթի մեջ»:

Բրադկեն նաեւ նշել է, թե Քիշնեւի հանդիպման կարեւորագույն արդյունքներից մեկը երկու նախագահների պայմանավորվածությունն է առաջիկայում կրկին հանդիպել: Նրա խոսքերով, Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը նշել են «բանակցություններում առկա դրական դինամիկան»: Հանդիպման ընթացքում Սարգսյանն ու Ալիեւը «տող առ տող անցան ողջ փաստաթղթի վրայով»: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խնդրել են առաջարկները ներառել Մադրիդյան փաստաթղթում: «Փաստաթղթի հիմնական սկզբունքներն են՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը, եւ նախագահները համաձայն են դրան»,- ասել է Բրադկեն: