Փետրվարի 24-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել էր ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրը` Սեյրան Մելիքյանը: Նրան անզգուշաբար վրաերթի ենթարկած անչափահաս Վահե Հակոբյանը, ով դեպքից անմիջապես հետո կալանավորվել է, արդեն 3 ամսից ավելի գտնվում է Աբովյանի անչափահասների գաղութում: Վահե Հակոբյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ ընդունել է մեքը, սակայն դատախզը կատարվածի համար պահանջում է առավելագույն պատիժ` 3 տարվա ազատազրկում:

Մեղադրյալի վրա տարածվում է վերջին համաներումը, եւ նա այս պահին պետք է ազատության մեջ լիներ, սակայն պատգամավոր Սպարտակ Մելիքյանն ու իր ներկայացուցիչը, տեսնելով, որ տղան համաներմամբ կարող է ազատ արձակվել, գտել են նրան բանտում պահելու ձեւը` նախորդ նիստում քաղհայց են ներկայացրել դատարան` վնասի հատուցման պահանջով: Պատգամավորը պահանջում է, որպես իրեն հասցված վնաս, փոխհատուցել 600 միլիոն դրամ, որից հիվանդանոցային ծախսեր` 2 միլիոն դրամ, թաղման ծախս` 15 միլիոն դրամ, հոգեհաց` 20 միլիոն, գերեզմանատան ծախս` 10 միլիոն, եւ 550 միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում, այն դեպքում, երբ Հայաստանում բարոյական վնասի ինստիտուտը չի գործում, բացառությամբ լրատվամիջոցների:

«Թող խելամիտ հաշվարկ անեն, օրենքով սահմանած կարգով, ես պատրաստ եմ վճարել, ես չեմ հրաժարվում դրանից: Բայց ինչ վերաբերում է 600 միլիոնին, դա աբսուրդ է: Մեր միակ պահանջն այն է, որ դատավորը կիրառի համաներում եւ երեխային ազատ արձակի»,- թերթի հետ զրույցում ասել է Վահեի հայրը` Արսենը:

Ամբաստանյալի հայրը պատմել է, որ մի քանի անգամ գնացել է Սպարտակ Մելիքյանի մոտ, խնդրել հետ վերցնել բողոքը եւ չխորտակել երեխայի կյանքը, սակայն պատգամավորն աննկարագրելի «մարդասիրություն» է ցուցաբերել` պատասխանելով, թե` տղա է, թող մի քանի տարի էլ նստի: Հոր խոսքերով` Մելիքյանը նաեւ ասել է, որ եթե հանկարծ դատավորը համարձակվի անգամ պայմանական պատիժ կիրառել, ինքը դատավորի «հերը կանիծի» (հայհոյանքներ է հնչեցրել դատավորի հասցեին): Աբովյանում խոսում են, որ դատավորն էլ է (Հրայր Սարգսյան), մեղմ ասած, «զզվել» այս գործից եւ որոշ շրջանակներում ասել է, որ իր վրա ճնշում կա վերեւներից, եւ չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել: