Երեկ` հունիսի 3-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության եւ ինքնասպանության փաստի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում փաստով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրգործը հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանություն) եւ 235 հոդված (Ապօրինի զենք պահելը, կրելը եւ օգտագործելը) հատկանիշներով:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 3-ին ժամը  16:30-ի սահմաններում Երեւանյան խճուղու մերձակայքում հրազենից արձակված կրակոցներից մահացել էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ 47-ամյա Սենիկ Մկրտչյանը: Նա Ախուրյանի «Կուլակավան» կոչվող թաղամասի բնակիչ էր, իսկ Գյումրիում հայտնի «հեղինակություններից» էր: Սենիկ Մկրտչյանը նաեւ «Եվրո» տաքսի ծառայության սեփականատերն էր, Գյումրիում զբաղվում էր նաեւ ոսկու առեւտրով: Նախքան իր ինքնասպանությունը Սենիկ Մկրտչյանը Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հոռոմ գյուղում  հրազենով սպանել էր իր ընկերուհուն` 27-ամյա Մայա Մկրտչյանին` կրակելով նախ նրա ձեռքին, ապա գլխին:

Դեպքի վայրում հարեւանները ֆոտոլրագրողին պատմել են, որ Սենիկ Մկրտչյանը սպանությունը կատարել է աղջկա մոր եւ քեռու աղջկա ներկայությամբ:  Սպանությունից հետո նա նստել է իրեն պատկանող Nissan Armada 10 ԼԼ 670 համարանիշի ավտոմեքենան եւ վերադարձել Գյումրի, որտեղ էլ «Մեծ Անիվ» ավտոպահեստամասերի խանութի մոտակայքում ինքնասպանություն է գործել: Նա սպանությունը կատարել է «Մակարով» տեսակի ատրճանակից, եւ, ըստ որոշ տեղեկությունների, ատրճանակը եղել է համարակալված, հաշվեցուցակային, ինչը ոստիկանների մոտ զարմանք է հարուցել, թե ինչպես կարող էր հաշվեցուցակային ատրճանակը հայտնվել իրավապահ համակարգում երբեք չաշխատած անձի մոտ:

Զենքն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, քննիչի կողմից նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն, որից հետո պարզ կլինի, թե ում է պատկանել «Մակարովը»:

Սենիկ Մկրտչյանին պատկանող Nissan Armada մեքենան տեղափոխվել է ոստիկանության տուգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի