Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը, ինչպես որ պահանջում են հայ-թուրքական արձանագրությունները, ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության հարցի իրավական հետեւանքների լուծման մասին խոսքերը Երեւանի կողմից Թուրքիայի ներկայիս տարածքների ճանաչման ֆոնին կորցնում են իմաստը։ Չէ՞ որ Հայոց Ցեղասպանության հարցի լուծումը ոչ այլ ինչ է, եթե ոչ առաջին հերթին տարածքային հարցը։ Եթե մենք ճանաչենք Թուրքիան իր ներկայիս տարածքով, ապա մեր դեմ կփակենք այս հարցի լուծման բոլոր հնարավորությունները»,- հայտարարել է Վ. Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին հայտարարել է, որ չնայած հայ ժողովրդի բողոքին, արձանագրությունները կստորագրվեն։ Նա ընդգծել է, որ անգամ դա չի ընկճի հայ-թուրքական արձանագրությունների պատճառով համախմբված ընդդիմությանը՝ դժվարանալով ասել, թե հատկապես ի՞նչի կգնա ընդդիմությունը դրանից հետո։ Սաֆարյանը նաեւ հայտարարել է, որ Սփյուռքը ներկայումս նեղացած է Հայաստանից, եւ այն արտահայտությունից հետո, թե «դուք մեզ երկու կոմպոտ եք տվել, հիմա էլ պահանջներ եք առաջ քաշում», նրանից որեւէ հարցում օգնության սպասելու կարիք չկա։ Ընդդիմադիր գործիչը նշել է նաեւ, որ Հայաստանում օրինական իշխանություններ ձեւավորելու հարցը մնում է «Ժառանգության» օրակարգում։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հակառակ իր ընդդիմադիր գործընկերների, հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չի բերի վիճահարույց իրավիճակի զարգացման։ «Չարժե մոռանալ, որ ժամանակին մենք հարաբերություններ ենք ունեցել Թուրքիայի հետ, եւ այդ հարաբերություններից մենք բացի օգուտից, այլ բան չենք ստացել»,- հայտարարել է Բիշարյանը։ Նրա կուսակից Հովհաննես Մարգարյանն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը Հայաստանի ապագայի երաշխիքն է։ «Չէ՞ որ հավիտենական թշնամիներ չեն լինում»,-ամփոփել է Մարգարյանը։