Քիչ առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները` Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ-փրկարարների հետ Գյումուշ հիդրոկայանի ջրամբարից դիակ հանեցին:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիակը ջրամբարից հանելու համար փրկարարները ճոպաններ են օգտագործել:
Դեպք վայր էին ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Աֆյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանը: Քննչական աշխատանքները ղեկավարում էր քննչական բաժանմունքի քննիչ Աշոտ Մելքումյանը: Նրա հանձնարարականով դեպքի վայր էին ժամանել դատաբժիշկն ու դիակ տեղափոխող ավտոմեքենան: Դիակի զննում կատարելուց հետո այն տեղափոխվեց Չարենցավանի դիահերձարան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանը հայտնեց, որ արդեն ճշտվել է դիակի ինքնությունը, նա Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակչուհի, 72-ամյա Ժենիկ Սուքիասյանն է, ով այս տարվա մայիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվում էր Չարենցավանի բաժնի կողմից:
Դատաբժշկի փորձաքննությունից հետո պարզ կդառնան նրա մահվան հանգամանքները:
Ի դեպ, դեպքի վայր էին ժամանել նաեւ ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական ծառայության պետ Գեղամ Գրիգորյանն ու հրշեջ-փրկարարական ջոկատը` Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:









Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























