Գերմանիան «սկզբունքորեն չի արտահանձնում քաղաքական պատճառներով դատապարտված մարդկանց»: Այս մասին Deutsche Welle Turkish-ին ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը` խոսելով թուրք լրագրող Ջան Դյունդարի գործի մասին, ով ներկայումս ապրում է Գերմանիայում:

«Գերմանիայի կառավարությունը ջանքեր է գործադրում` անկախ լրատվամիջոցների եւ անկախ լրագրության զարգացման համար ամբողջ աշխարհում»,- ասել է նա` հորդորելով Թուրքիային հետեւել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության միջազգային չափանիշներին` «Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ լավ եւ ամուր երկկողմ հարաբերությունների համար»:

Մեկնաբանությունները հնչեցվել են ի պատասխան Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Ֆահրեթին Ալթունի հայտարարությանը, ով Գերմանիային կոչ էր արել  Ջան Դյունդարին արտահանձնել Թուրքիային` «նրա հանցագործությունները խրախուսելու փոխարեն»:

Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման` ահաբեկչության եւ լրտեսության մեղադրանքով:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյքո Մաասը Դյունդարի դատավճիռը «ծանր հարված է անվանել անկախ լրագրությանը Թուրքիայում»: