Կատարը ՄԱԿ-ին եւ կազմակերպության Անվտանգության խորհրդին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 9-ին Բահրեյնի չորս կործանիչները խախտել են իր օդային տարածքը` թռնելով իր տարածքային ջրերի վրայով:

ՄԱԿ-ում Կատարի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Ալիա Ահմեդ բին Սաիֆ ալ-Թանին նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ Ջերի Մաթջիլին, որը խախտման մասին պաշտոնական ծանուցում էր պարունակում Դոհային:

Նա հաստատել է առավելագույն զսպվածություն ցուցաբերելու Կատարի հանձնառությունը` ընդ որում պահպանելով ցանկացած խախտմանն արձագանքելու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու իր լիակատար իրավունքը` իր սահմանները, ծովային սահմանները, օդային տարածքը եի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար:

«Սա առաջին դեպքը չէ, երբ Բահրեյնի կործանիչները խախտում են Կատարի օդային տարածքը, - ասել է նա:- Այս միջադեպերի կրկնությունը վկայում է Բահրեյնի կողմից միջազգային պարտավորությունների անընդունելի անտեսման մասին»:

Դոհան Բահրեյնի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ նման սադրիչ եւ անպատասխանատու գործողությունների կրկնումից եւ հետեւել ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին, միջազգային պայմանագրերին եւ Միջազգային դատարանի վճիռներին:

Կատարը նաեւ կոչ է արել ՄԱԿ-ին անհրաժեշտ ընթացակարգեր ընդունել այդ խախտումները դադարեցնելու համար` միջազգային եւ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության եւ կայունության պահպանման նպատակով: