ՀՅԴ-ն առաջարկելու է իշխանություններին՝ համագործակցել ստորագրված արձանագրությունների վնասը նվազեցնելու ուղղությամբ, եւ եթե համապատասխան արձագանք չստանան, կգնան մինչեւ վերջ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպանը հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ վերջում կլինի նախագահի հրաժարական պահանջելը։

Դաշնակցական գործիչը, սակայն, կարծում է, որ դեռեւս չենք հասել այն վերջնագծին, երբ պետք է պահանջել նախագահի հրաժարականը։ Համոզված է, որ արձանագրությունները ստորագրելով՝ ամեն ինչ դեռ չի ավարտվել. շատ այլ անելիքներ կան եւ երկրի ղեկավարի հրաժարականը ներկա պահին նպատակահարմար չէ։

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը անդրադարձավ նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։ Այն, որ Էրդողանը ասել է, թե ինքը պատասխանատու է մինչեւ արձանագրությունների ստորագրումը եւ վավերացմանը չի մասնակցելու, Մանոյանի կարծիքով արված է գործընթացը ձգձգելու եւ այդպես Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի հասնելու համար։

Ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացմանը, դաշնակցական գործիչն ասաց, որ Հայաստանը չպետք է այն առաջինը վավերացնի։