Դուք խուլիգանների պես են վարվել: Այդ մասին դեկտեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խորհրդարանի ամբիոնից մեկնաբանելով միջադեպը, որը տեղի էր ունեցել իր մասնակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ակցիայի մասնակիցների հետ:

Ինչպես նշել է Գաբրիելյանը, այսօր մի խումբ անձինք խորհրդարանի շենքի մոտ փորձել են հարձակվել նրա վրա, սակայն դա իրենց չի հաջողվել:

«Ձեզ նման խուլիգանների համար չկա եւ չի լինելու տեղ Հայաստանի քաղաքական օրականգում: Եւս մեկ անգամ կոչ եմ անում՝ հեռու մնացեք: Եթե ցանկանում եք զրուցել, ես կարող եմ եւ պատրաստ եմ զրուցել: Դուք 5 րոպեով արգելափակել եք իմ ավտոմեքենան՝ հույս ունենալով, որ ես կփախնեմ, սակայն ես այդպիսին չեմ»,-հայտարարել է պատգամավորը:

Նշենք, որ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ լեզվակռիվն ավարտվել է ծեծկռտուքով: Ցուցարարներից մեկը մոտեցել է պատգամավորի ավտոմեքենային եւ հարցրել. «Պարգեւավճարի համա՞ր եք եկել»: Գաբրիելյանը դուրս է եկել մեքենայից, եւ այդ ժամանակ տղամարդը հրել է նրան, որից հետո սկսվել է ծեծկռտուքը, որի ժամանակ Սիսակ Գաբրիելյանը հարվածել է ցուցարարներից մեկի դեմքին: Ծեծկռտուքից հետո պատգամավորը նստել է ավտոմեքենան, իսկ ցուցարարները նրա մեքենայի ուղղությամբ ձվեր են նետել: Բողոքի ցույցի մի քանի մասնակից բերման է ենթարկվել: Նրանցից են ՀՅԴ Դաշնակցության Բարձրագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, Դաշնակցության ներկայացուցիչ Սիմոն Սիմոնյանն ու այլոք: Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ութ մարդ: