Չորեքշաբթի ԱՄՆ առեւտրային ներկայացուցչության անդամները հայտարարել են Եվրամիությունից ներկրված որոշ ապրանքների, այդ թվում՝ ինքնաթիռի մասերի եւ Ֆրանսիայից ու Գերմանիայից գինու մաքսերը բարձրացնելու որոշման մասին, հինգշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ առեւտրային ներկայացուցչության հայտարարությանը:
Դրա տվյալներով՝ կառույցում մեծացնում են ինքնաթիռներ հավաքելու մասերի, ոչ փրփրուն գինիների որոշ տեսակների, ինչպես նաեւ կոնյակի եւ բրենդիի այլ տեսակների համար մաքսերի չափը:
Գործակալությունը նշում է, որ ներկայացուցչությունում չեն հայտնել, թե երբ այդ որոշումն ուժի մեջ կմտնի, սակայն ընգծել են, որ մասնարասները կներկայացվեն առաջիկայում:
Reuters-ի հաղորդմամբ՝ մաքսերի այդ բարձրացումը ավիաարտադրողներին սուբսիդավորելու հարցերով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ բազմամյա վեճի շրջանակում նոր քայլ է: Խոսքը վերաբերում է ամերիկյան Boeing ընկերության եւ Airbus եվրոպական կորպորացիայի մասնակցությամբ դատավարությանը:
Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ Boeing-ի եւ Airbus-ի շուրջ առեւտրային վեճը շարունակվում է 2004 թվականից: Երկու կողմերը միմյանց մեղադրում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմերը խախտելու եւ այդ երկու ընկերություներին չթույլատրվող պետական դոտացիաներ հատկացնելու մեջ: 2019 թվականին ԱՀԿ վեճերի կարգավորման մարմինն արձանագրել էր Airbus-ի գործում կազմակերպության նորմերի խախտում, ինչն իրավունք էր տվել ԱՄՆ-ին փոխհատուցող մաքսեր սահմանել ԵՄ-ի դեմ: Սակայն 2020 թվականին նմանօրինակ որոշում էր կայացվել ի շահ ԵՄ-ի Boeing-ի գործով: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն 2019 թվականին 7,5 մլրդ դոլարի չափով մաքսեր էր սահմանել ԵՄ-ի նկատմամբ:





























