Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի գերեզմանատան վերեւի թաղամասում հունիսի 4-ից ակտիվացել են սողանքները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ երկարատեւ հորդառատ անձրեւներից Գետահովիտ գյուղի գերեզմանատան վերեւի թաղամասում ակտիվացել է սողանքը, ինչի հետեւանքով վտանգավոր գոտում են հայտնվել 6 բնակելի տուն 30 բնակչով, որոնք տարհանվել են գյուղապետի կողմից տրամադրված ժամանակավոր կացարան:
Հողամասերում առաջացել են ճեղքեր, իսկ եղածները լայնացել են, բնակելի տների պատերին առաջացել են լայնակի եւ ուղղաձիգ ճեղքեր:
Սողանքային գոտին ընդգրկում է մոտ 75 բնակելի տուն 370 բնակչով, որի ուսումնասիրության արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:




























