Կուբայի իշխանությունները սկսել են հանրապետության ֆինանսական համակարգի բարեփոխումը, որը ենթադրում է շրջանառությունից կղզու երկու պաշտոնական ազգային արժույթներից մեկի՝ կուբայական փոխարկելի պեսոյի դուրս գալը, հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Granma-ին:
1994 թվականից հանրապետությունն ունի երկու արժույթ՝ կուբայական պեսո (CUP) եւ կուբայական փոխարկելի պեսո (CUC), որը ներդրման պահից նախատեսված էր հանրապետությունում ԱՄՆ դոլարին փոխարինելու համար: Փոխարկելի պեսոյի պաշտոնական փոխարժեքը քաղաքացիների համար մինչ այսօր 24 կուբայական պեսո էր, ձեռնարկությունների համար` մեկ դոլար կամ մեկ կուբայական պեսո:
Կուբայական փոխարկելի պեսոյի շրջանառությունից դուրսբերումը սկսվել է հունվարի 1-ից, այն չի ընդունվի վճարումների մեծ մասի համար: Կուբայի Կենտրոնական բանկը հրապարակել է մի քանի տասնյակ պետական ձեռնարկությունների ցուցակ, որոնք որոշ ժամանակ բնակչությունից վճարումներ են ընդունելու այս արժույթով՝ այն ավելի արագ շրջանառությունից հանելու համար: Երկրի քաղաքացիներին տրվում է նաեւ 180 օր ժամանակ՝ խնայողությունները բանկերում 1:24 կուրսով կուբայական պեսոյի փոխանակելու համար:
Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց CUC-ով հաշիվներին, ապա դրանց տերերը կարող են դրամական միջոցներն ամբողջությամբ CUP-ի փոխանակելու որոշում կայացնել կամ արտարժույթ գնել: Երկրորդ տարբերակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն վաճառքում առկա է հենց բանկում, ինչը միշտ չի լինում: Տարվա կեսին Կուբայում հայտնվել են խանութներ, որտեղ կարելի է միայն ԱՄՆ դոլարով ապրանքներ գնել, ուստի փոխանակման պահանջարկը մեծ է: Կուբայական պեսոյի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 1:24 է:




























