Իրավապահ մարմինների աշխատակիցները տուգանել են ավելի քան 200 մարդու, որոնք ապօրինի մասնակցել են Ֆրանսիայի արեւմուտքում՝ Լյերոն համայնքում, որոնք կազմակերպել են ամանորյա երեկույթ 2,5 հազար մարդու համար: Այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ներկայում ես հանդիպում եմ անցկացնում Լյերոնում իրավիճակը գնահատելու համար: Համայնքում ավտոմեքենաների տեղաշարժը վերահսկվում է, պարբերաբար քաղաքացիներ են տուգանվում՝ կազմվել է ավելի քան 200 արձանագրություն: Այսօր գիշերը ես աշխատում եմ պետական ծառայողների եւ ժանդարմների հետ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»:

BFM հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 31-ին հարյուրավոր ավտոմեքենաներ Ֆրանսիայի ամբողջ տարածքից եւ արտերկրից ժամանել էին Լյերոն համայնքի լքված կայարան: Դեպքի վայր ժամանած ժանդարմները փորձել են ցրել երեկույթը, սակայն ենթարկվել են մասնակիցների հարձակումներին: Այնուհետեւ ժամանել են լրացուցիչ ջոկատներ, որոնք փակել են համայնքի մուտքն ու ելքը, սակայն չեն ցրել հավաքվածներին՝ խուսափելով լուրջ բախումներից: Ներկայում երեկույթը շարունակվում է արդեն ավելի քան 24 ժամ: Պետական մարմինները մասնակիցներին պաշտպանիչ դիմակներ եւ ախտահանիչ նյութեր են բաժանել կորոնավիրուսի տարածման վտանգը կրճատելու համար: Որոշ մասնակիցներ լրագրողներին հայտարարել են, որ պատրաստվում են պարել մինչեւ երկուշաբթի, մի մասը գերադասել է հեռանալ միջոցառումից: Այդուհանդերձ, անցկացվում է հետաքննություն իրավապահների նկատմամբ բռնության, թմրանյութերի հնարավոր վաճառքի եւ այլ հատկանիշներով: