«Ի պատիվ» Հայ ազգային կոնգրեսի պետք է ասել, որ նա հասավ նրան, ինչ ուզում էր, եւ զգալի ուժգնացրեց Հայաստանի վրա միջազգային կազմակերպությունների ճնշումը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, թե միջազգային հանրությունը ճնշում է բանեցնում Հայաստանի վրա ոչ թե ժողովրդավարության հարցերում, ինչպես փորձում է ներկայացնել ՀԱԿ-ը, այլ ազգային կարեւորություն ներկայացնող հարցերում` ղարաբաղյան եւ հայ-թուրքական: «Միջազգային հանրությունը, մեծ հաշվով, այնքան էլ շահագրգռված չէ ժողովրդավարության հարցերում, նա իր շահերն ունի տարածաշրջանում»,- նկատել է Հովհաննիսյանը` օրինակ բերելով Վրաստանը, որտեղ վերջին դեպքերից հետո միջազգային հանրությունն առանձնապես չի արձագանքում: