Հռոմում հունիսի 3-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Իտալիայի եւ Հայաստանի ԱԳՆ-ների միջեւ, որի ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն իր իտալացի գործընկերոջ, սենատոր Ալֆրեդո Մանտիկայի հետ քննարկել է հայ-իտալական հարաբերություններին եւ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը հատուկ ընդգծել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարեւորությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաեւ մանրամասներ կապված դեկտեմբերին Վենետիկի կենտրոնական երեք թանգարաններում միաժամանակ կազմակերպվող բացառիկ ցուցահանդեսի հետ, որը նվիրված է լինելու Հայ գրատպության 500 ամյակին եւ անցկացվելու է ՀՀ եւ Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո:
Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ, սենատոր Ալֆրեդո Մանտիկան հայտնել է իտալական Վենետո նահանգի հետ ոսկերչության, գինեգործության եւ զբոսաշրջության բնագավառներում փոխշահավետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ:
Այցի շրջանակներում Արման Կիրակոսյանը Հարավային Կովկասի անվտանգության հարցերին վերաբերող դասախոսություն է կարդացել Հռոմի ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում /NATO Defence College/` այդ հեղինակավոր հաստատությունում բարձրաստիճան սպաների համար կազմակերպված հատուկ դասընթացի շրջանակներում:
Դասախոսությունից առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունել է քոլեջի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վոլֆ Դիտեր Լուզերը /Wolf-Dieter Loeser/, ով բարձր է գնահատել հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը:




























