Ինդոնեզիայի մահմեդական կղերական խորհուրդը մտադիր է որոշում կայացնել այն մասին, թե արդյոք COVID-19 պատվաստանյութը «հալալ» կամ ընդունելի է իսլամի համար՝ նախքան երկիրը հաջորդ շաբաթ կսկսի չինական պատվաստանյութի օգտագործմամբ զանգվածային պատվաստումների ծրագիրը, հաղորդում է Reuters-ը:
Մահմեդական մեծամասնությամբ աշխարհի ամենամեծ երկիրը նախատեսում է հունվարի 13-ին պատվաստումներ սկսել՝ չինական Sinovac Biotech-ի պատվաստանյութի 3 միլիոն չափաբաժինը ստանալուց հետո:
Բանավեճերն այն մասին, թե համապատասխանում են արդյոք պատվաստանյութերը իսլամական սկզբունքներին, նախկինում խոչընդոտել են հասարակական առողջապահության պատասխան միջոցառումներին, այդ թվում՝ 2018 թ., երբ Ինդոնեզիայի Ուլեմների խորհուրդը (MUI) ֆետվա հռչակեց, որ կարմրուկի դեմ պատվաստանյութը արգելված է իսլամի կողմից:
Ինդոնեզիան պայքարում է Հարավարեւելյան Ասիայում COVID-19-ի լուրջ բռնկման դեմ, եւ իշխանությունները հույսը դրել են պատվաստանյութի վրա, որը կօգնի մեղմացնել առողջապահական եւ տնտեսական ճգնաժամը:




























