Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպված եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «Հայաստանում Գերմանիայի շաբաթներ 2009» ծրագրի շրջանակներում Երեւանի թիվ 59 դպրոցում ցուցադրվում են Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի՝ Հայաստանին նվիրված լուսանկարները։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 20-ին «Ավանգարդ Ֆոլկ» ակումբում տեղի կունենա Dominik Wagner Quartett-ի եւ երգչուհի Կարոլին Բեխտլեի համերգը։ Երիտասարդ երաժիշտները, որ ներկայացնում են Հարավգերմանական երիտասարդական ջազային նվագախումը, համերգի ավարտին համատեղ ելույթ կունենան նաեւ հայ երաժիշտներ Վարդան Գրիգորյանի, Արտյոմ Մանուկյանի, Արիկ Գրիգորյանի, Վահագն Հայրապետյանի եւ Դավիթ Մինասյանի հետ։
Հոկտեմբերի 24-ին Գյումրիի Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի կունենա Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը՝ հեղինակի մասնակցությամբ։
Դեսպանության աջակցությամբ հոկտեմբերի 25-ից 29-ը անցկացվող Արեւորդի 2009 փառատոնին, որի շրջանակներում կցուցադրվեն նաեւ գերմանական վավերագրական ֆիլմեր՝ բնապահպանական թեմաներով։
Հոկտեմբերի 29-ին ծրագրվում է նաեւ անցկացնել ակումբային երեկո (Electro-House-երաժշտություն)՝ գերմանացի դիջեյի մասնակցությամբ։



















