Ամերիկյան Boeing ընկերությունը համաձայնել է ավելի քան 2,5 միլիարդ դոլար վճարել՝ 737 MAX ինքնաթիռների երկու վթարի գործի շրջանակներում խարդախության մեղադրանքները հանելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Համաձայնագիրը ներառում է 243,6 միլիոն դոլարի տուգանք, հաճախորդներին 1,77 միլիարդ դոլարի փոխհատուցում եւ օդային աղետներից օգնության 500 միլիոն դոլարի հիմնադրամի ստեղծում:
Boeing-ը դատական փաստաթղթերում ընդունել է, որ իր աշխատակիցները մոլորության մեջ են գցել ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությանը (FAA)՝ կապված մանեւրումները շտկելու MCAS համակարգի հետ, ինչը հանգեցրել է ավիավթարների:
«Lion Air ավիաընկերության 610 եւ Ethiopian Airlines ավիաընկերության 302 չվերթների ողբերգությունները բացահայտել են խարդախության եւ խաբելու գործողություններ՝ աշխարհի առաջատար կոմերցիոն ինքնաթիռներ արտադրողներից մեկի աշխատակիցների կողմից»,- ասել է գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Դեւիդ Բերնսը՝ հավելելով, որ «Boeing-ի աշխատակիցներն ընտրել են ոչ թե ազնվության, այլ շահույթի ճանապարհը՝ FAA-ից թաքցնելով 737 MAX-ի շահագործման մասին էական տեղեկություններ»:
Իր հերթին, Boeing-ի գործադիր տնօրեն Դեւիդ Կալհունը հայտարարել է, որ համաձայնագիրը «պատշաճ կերպով ցույց է տալիս, թե ինչպես չենք արդարացրել մեր արժեքներն ու սպասելիքները»:
Boeing-737 MAX ինքնաթիռների թռիչքները ամբողջ աշխարհում դադարեցվել էին 2019 թվականի մարտին՝ երկու ինքնաթիռի վթարից հետո: 2018-ի հոկտեմբերին ինդոնեզական Lion Air ընկերության այս մոդելի ինքնաթիռի վթարից զոհվել էր 189 մարդ: 2019-ի մարտին Ethiopian Airlines-ի Boeing 737 MAX-ի կործանման հետեւանքով զոհվել էր 157 մարդ:
2020-ի նոյեմբերին ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչությունը Boeing-ին թույլ էր տվել վերականգնել 737 MAX ինքնաթիռների շահագործումը՝ Boeing-ից պահանջելով փոփոխություններ կատարել ծրագրային ապահովման եւ սարքավորումների մեջ՝ երկու վթարի պատճառ դարձած խնդիրները լուծելու համար:




























