Թերթի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության աղբյուրները փոխանցում են, որ Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակիցների ետեւում կանգնած է արդեն փոխնախարար Գրիշա Բաղյանը, ում թույլ տված խախտումների բացահայտմամբ է այժմ զբաղված նոր պետ Գրիգոր Գրիգորյանը:

«Մեր տեղեկություններով, Գրիշա Բաղյանի` նախարարի առաջին տեղակալ  նշանակվելուց հետո տեսչությունում խարդավանքներ են հյուսվում եւ կոնֆլիկտներ հրահրվում: Այս ամենը պայմանավորված է Բաղյանի եւ ծառայության նորանշանակ պետ Գրիգոր Գրիգորյանի լարված հարաբերություններով: Իսկ այդ լարվածության պատճառն այն է, որ Գրիգորյանը գալուց հետո որոշել է ստուգել Բաղյանի գործունեությունն ու ջրի երես հանել այն անօրինականությունները, որոնց պատճառով վարկաբեկվել է այդ ծառայությունը, եւ հանցավոր պայմանավորվածության արդյունքում անթույլատրելի պայմաններում շարունակվել է վաճառվել սննդամթերք:

Մեր աղբյուրների վստահեցմամբ` չի բացառվում, որ առաջիկայում Գրիգորյանն աղմկոտ չարաշահումների բացահայտմամբ «ցնցի» նախարարությանը: Այնուամենայնիվ, նորանշանակ պետը շարունակում է մանրազնին ստուգումենր իրականացնել: Բնականաբար, փոխնախարար Բաղյանը սառնասրտորեն չի վերաբերվում Գրիգորյանի ստանձնած ռեւիզիային եւ ինքնահաստատման փորձերին»,-գրում է թերթը եւ հիշեցնում, որ այս տեսչության վերակազմավորումից հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ դուրս մնացին` իբր լիազորությունները չկատարելու ու հանցավոր պայմանավորվածությամբ մի շարք թերությունների վրա աչք փակելու պատճառով: Նրանց մեջ կան նաեւ անօրինական դուրս մնացածներ: