ԱՄՆ գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանիան երկուշաբթի խստորեն դատապարտել է հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Կապիտոլիումի գրոհը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Համոզված եղեք, որ ես, իհարկե, դատապարտում եմ մեր երկրի Կապիտոլիումում տեղի ունեցած բռնությունը: Բռնությունը միշտ էլ անընդունելի է»,- ասել է Միացյալ Նահանգների առաջին տիկինը:
Ամերիկացի առաջնորդի կինը նաեւ իր հիասթափությունն է հայտնել առ այն, որ «այդ ողբերգական իրադարձությունների շուրջ սկսվել են կեղտոտ բամբասանքները, անհիմն անձնական հարձակումները եւ խեղաթյուրված կեղծ մեղադրանքները», այդ թվում` իր հասցեին:
«Ես աղաչում եմ մարդկանց դադարեցնել դաժանությունը, երբեք եզրակացություններ չանել մարդու մաշկի գույնի հիման վրա եւ չօգտագործել քաղաքական գաղափարախոսությունների տարբերությունները` որպես պաճառ ագրեսիայի եւ զայրույթի համար»,- հորդորել է ԱՄՆ նախագահի կինը: Նա ցավակցություն է հայտնել անկարգությունների ընթացքում զոհվածների ընտանիքներին:
Անցյալ շաբաթ պետության ներկայիս ղեկավարի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք` կանխելու համար երկրում անցյալ տարվա նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որոնցում հաղթել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը: Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Կապիտոլիումի ոստիկանությունը մի ցուցարարի գնդակահարեց: Մահացել է ընդհանուր հինգ մարդ:




























