Թուրքական պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ թուրքական կողմը կարող է գնել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ հավաքածուն, սակայն պնդում է համատեղ արտադրության եւ տեխնոլոգիայի փոխանցման մասին, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Քանի դեռ լրացուցիչ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել (ԱՄՆ-ի կողմից), մենք ռիսկեր չենք տեսնում: Եթե ​​ցանկանայինք, Ս-400-ների երկրորդ հավաքածուն արդեն այսօր կհասցվեր, սակայն մեզ համար կարեւոր է համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիաների փոխանցումը»,- ասել է Դեմիրը:

Նրա խոսքով` Ս-400-ի առաջին հավաքածուն պատրաստ է շահագործման եւ «կօգտագործվի առաջին անհրաժեշտության դեպքում»:

Դեկտեմբերի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին Թուրքիայի եւ ԱՄՆ-ի կողմից Ս-400-ների հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել էր այդ լուրերը` ասելով, որ խոսքը միայն տեխնիկական բանակցությունների մասին է:

Թուրքիան ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել` Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնման համար: ԱՄՆ-ն պահանջում էր հրաժարվել գործարքից` հօգուտ ամերիկյան Patriot համալիրների: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան չի պատրաստվում հրաժարվել ռուսական համակարգերից եւ Վաշինգտոնից թույլտվություն չի խնդրի համալիրների փորձարկման համար: