Չինաստանում Սինցզի-ույգուրական ինքնավար հանրապետության վարչական կենտրոն Ուռումչիում սկսված չին-ույգուրական բախումների արձագանքները դեռ չեն թուլացել: Ամեն ինչ սկսվում է Չինաստանի հարավում գտնվող մի խաղալիքների գործարանում տեղի ունեցած միջադեպից: Ըստ չինական աղբյուրների, ֆաբրիկայում աշխատող մի քանի ույգուրներ սեռական ոտնձգության փորձ են կատարել մի չինուհու նկատմամբ: Դրանից հետո սկսված բախումները շարունակվել են 4 ժամ, որի ընթացքում վիրավորվել են 120 հոգի, 81 ույգուր, 39 չինացի: Բախումների ժամանակ մահանում են 2 ույգուր: Սակայն արտաքին աղբյուրների համաձայն, բախումների ժամանակ զոհվել է 12 ույգուր եւ 6 չինացի: Թուրքական աղբյուրները ներկայացնում են, որ բախումը սկսել են չինացիները, որոնք մոտ 300 հոգի, զինված փայտերով ու մահակներով՝ հարձակվել են ույգուր աշխատողների կացարանների վրա, իսկ երբ ույգուրները փորձել են պաշտպանվել ոստիկանությունը սկսել է միջամտել: Ըստ չինական էլեկտրոնային կայքերի, բախման առաջին երկու ժամը ֆաբրիկայի անվտանգության ուժերը եւ ոստիկանները եղել են դիտորդի դերում: Այս իրադարձություններից հետո ոստիկանները 600 ույգուր աշխատակիցների տեղափոխել են այլ վայր: Դրանից հետո ինքնավար հանրապետության իրավասուները չեն փորձում անդրադառնալ կատարվածին, որը առաջացնում է տեղի ույգուր բնակչության դժգոհությունը: Այն այնուհետեւ վերածվում է արյունալի էթնիկ բախման :

Ույգուրները հուլիսի 5-ին հավաքվում են Ուռումչիում, որտեղ պետք է խաղաղ ցույց տեղի ունենար: Սակայն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

Ըստ չինական աղբյուրների, ույգուր ցուցարարները թալանել են խանութներ, այրել ավտոմեքենաներ: Ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհվել է 140 հոգի: Սակայն այդ թիվը դարձավ 156: Ձերբակալվածների թիվը անցնում է 1000-ը:

Սինցզյանի-ույգուրական ինքնավար հանրապետության Ուռումչի քաղաքի քաղաքապետը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ զոհերի թիվը կազմում է 156 հոգի, վիրավորների թիվը 1080 հոգի: Իրադարձությունների ընթացքում ոչնչացվել 11 ոստիկանական մեքենա եւ 60 այլ տրանսպորտային միջոց: Այրվել են 56 850 քառակուսի մետր մակերեսով տարբեր նշանակության տարածքներ:

Չինական իշխանությունները այս բախումները հրահրելու համար մեղադրում են Համաշխարհային ույգուրական կոնգրեսին, որի ղեկավարը կին է՝ արտաքսման մեջ գտնվող Ռաբիա Քադիրը:

Այս իրադարձությունների պատճառով Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ցզինթաուն, որը G-8 վեհաժողովին մասնակցելու համար գտնվում էր Իտալիայում, շտապ վերադարձել է Չինաստան:

Թյուրքական ծագում ունեցող ույգուրների հանդեպ իրակացրած բռնությունը իհարկե շատ արագ արձագանք գտավ թուրքական հասարակության մեջ: Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է գտնվում Չինաստանի Սինցզյան- ույգուրական ինքնավար հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները: Թուրքական լրատվամիջոցներում չին-ույգուրական բախումները անվանում են չինացիների կողմից թյուրքական ժողովրդի նկատմամբ իրականացվող «ցեղասպանություն»: Նշվող զոհված ույգուրների քանակը հասցնում են մինչեւ 1000-ի: Թուրքիայում կոչեր են արվում բոյկոտել չինական ապրանքները:

Ուռումչիում տեղի ունեցածի վերաբերյալ բողոքի ակցիա է կազմակերպվել Թուրքիայի Կայսերի քաղաքում: Որտեղ հնչել են. «Անկախություն Արեւլան Թուրքեստանին», «Մարդասպան Չինաստան հեռացիր Թուրքեստանից» եւ այլ կարգախոսներ:

Այս իրադարձությունների համապատկերում թուրքական մամուլում հիշեցնում են, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը բոլորովին վերջերս էր վերադարձել Չինաստանից: Գյուլը եղել է նաեւ Ույգուրական ինքնավար հանրապետությունում, որտեղ նա նույնիսկ հագել է ույգուրների տարազ:

Չնայած թուրք հասարակության մեջ Չինաստանի հանդեպ տիրող բացահայտ ագրեսիվ տրամադրություններին, թուրքական իշխանությունները դեռեւս զերծ են մնում սուր արտահայտություններից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան անհանգստությամբ է հետեւում Սինցզյան-ույգուրական ինքնավար հանրապետության վարչական կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններին: Նա կոչ է արել գտնել մեղավորներին եւ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: Դավութօղլուն շեշտել է, որ վերջին ժամանակներում Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ հաստատվել են շատ լավ հարաբերություններ եւ հույս է հայտնել, որ դրանք կշարունակվեն նախկինի պես: Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել այդ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը նույնպես անդրադարձել է, ույգուրական բախումներին՝ նշելով, որ ցանկացած մարդու խիղճ տանջում է, երբ տեսնում է այդ դեպքերի կադրերը: Ինչպես նաեւ անդրադարձել է ույգուրական խնդիրը ՄԱԿ-ի ամբիոն տեղափոխելուն:

Թուրքական լրատվամիջոցները՝ անդրադառնալով Ուռումչիի իրադարձություններին, չեն մոռանում հիշատակել Համաշխարհային Ույգուրական կոնգրեսի 62 ամյա կին նախագահ Ռաբիա Քադիրին: Մամուլում հրապարակումներից մեկում նրան նույնիսկ անվանում են «Նոր Աթաթուրք»:

Ռաբիա Քադիրը 2000 թվականին Չինական իշխանություններին քննադատելու եւ Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար տարվող աշխատանքների պատճառով ձերբակալվել էր Չինաստանում: Բուշի վարչակազմի ակտիվ ջանքերի շնորհիվ հինգ տարի անց ազատ է արձակվում: Ուռումչիի դեպքերի հետ կապված Ռաբիա Քադիրը հայտարարել է, որ զոհված ույգուրների թիվը կազմում է 400 հոգի: Նա ասել է նաեւ, որ չինական իշխանությունները ույգուրական ինքնավար հանրապետությունում աշխատելու համար բռնի ուժով մեծաքանակ չինացիներ են բերում, որի արդյունքում ույգուրական ինքնավարար հանրապետությունում չինացիների հարաբերակցությունը 6 տոկոսից արդեն հասել է 40 տոկոսի:

Ույգուրները թյուրքական ժողովուրդ են, նրանք կազմում են Սինցզյանի ույգուրական 20 միլիոնանոց բնակչության 11 միլիոնը: Ույգուրների հիմնական նպատակն է Արեւելյան Թուրքեստան պետության ստեղծումը: Այստեղ գործում է «Արեւելյան Թուրքեստան իսլամական շարժում» կազմակերպությունը, որ մեղադրվում է Չինաստանի տարբեր հատվածներում բազմաթիվ պայթյուններ կազմակերպելու համար: Այս կազմակերպության նպատակն է անկախ Արեւելյան Թուրքեստանի ստեղծումը: վերջին մի քանի տարվա մեջ Արեւելյան Թուրքեստանի անկախությանը հասնելու համար զոհվել է 100-ից ավել եւ վիրավորվել 400-ից ավել մարդ: Սինցզյանի շրջանում ապրում են ույգուրներ, ղազախներ, մոնղոլներ եւ այլն: Այստեղի թյուրքերը 1862 թվականին ապստամբում են եւ շատ չանցած կարողանում են անկախություն ձեռք բերել՝ անկախանալով Չինաստանից մոտ մեկ տասնամյակ: 1930-ականներին, երբ ճապոնացիները օկուպացրել էին Չինաստանը, ԽՍՀՄ աջակցությամբ, Սինցզյանում ստեղծում է Արեւելյան Թուրքեստանյան հանրապետությունը: Սակայն չինացիները կարողանում են Ճապոնիային հաղթել եւ վերադարձնել Սինցզանը: Դրանից հետո չինական իշխանությունները սկսում են արագ վերաբնակեցնել Սինցզյանի տարածքը, եւ դա նրանց որոշ չափով հաջողվում է: Սինցզյանի տարածքը հարուստ է էներգետիկ պաշարներով:

ԽՍՀՄ փլուզումից հետո կրկին աշխուժացան «Արեւելյան Թուրքեստան» ստեղծելու համար պայքարողները: Դրանում լուրջ շահագրգիռ կողմ է Թուրքիան: Թուրքիան ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել է մեծ գումարներ ծախսել իր ազդեցությունը հետխորհրդային մահմեդական երկրների վրա տարածելու համար: Այդ հարցում անմասն չի մնում նաեւ ույգուրական ինքնավար հանրապետությունը: Թուրքիան տարբեր միջոցներով սկսել է իր քարոզչությունը հետխորհրդային մահմեդական երկրներում եւ չինական Սինցզյանում: Թուրքիան կարծես հույսի նշան է տեսնում իր վերջնական իդեալ համարվող «Մեծ Թուրանի» ստեղծման համար: Մեծ Թուրանը նախատեսում էր հիմնել մեծ մի պետություն որը ձգվելու է Բոսֆորից մինչեւ հեռավոր Ալթայ:

Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին Թուրքիային խոչնդոտ հանդիսացող երկրներն են`Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը: Թուրքիան ԽՍՀՄ փլուզումից հետո գաղտնի պայքար սկսեց Չեչնիայում՝ Ռուսաստանի դեմ:

Սակայն հետխորհրդային երկրներում Թուրքիայի կողմից ծախսվող գումարները կարծես թե շոշափելի արդյունք չեն տալիս: Չինաստանում էլ նույնպես հասկանում են Թուրքիայի նպատակները եւ ակտիվորեն աշխատում են դրա դեմն առնել:

Անդրանիկ Իսպիրյան