Հայաստանը կստանա երկաթուղային հաղորդակցություն Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը՝ ուղիղ միջանցք Նախիջեւանում հայկական տարածքով: Այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ինչո՞ւ է տրանսպորտային հարցն այդքան կարեւոր հակամարտող երկրների համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իմաստություն եւ կամք
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները զրուցել են երեքով, ապա Ռուսաստանի առաջնորդն առանձին շփվել է Ալիեւի եւ Փաշինյանի հետ: Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները շեշտն այլ կերպ են դրել: Ալիեւը հիշեցրել է, որ սա արդեն երկրորդ համատեղ հայտարարությունն է տարածաշրջանի հարցով, սակայն նոր փաստաթղթի կարեւորությունն այն է, որ այն կարող է ապաարգելափակել Կովկասում ճանապարհները:
«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով վերականգնել հաղորդակցությունը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ: Հայաստանը կստանա ելք դեպի Ռուսաստան եւ Իրան, իսկ մենք՝ դեպի թուրքական շուկա»,-ասել է նա:
Ալիեւը խաղաղասիրություն է դրսեւորել: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակն ի վերջո լուծվել է»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ հայկական կողմը չի վիճարկի հաշտեցման մասին հայտարարությունը, եւ երկու ժողովուրդները կգտնեն «կամք եւ իմաստություն ապագայի մասին մտածելու համար»:
Երեւանի հետ կապերը հարթելուն Ադրբեջանի նախագահը սկսել է պատրաստվել մինչ Մոսկվայում հանդիպումը: Տարեվերջին հայտնի է դարձել, որ Բաքուն տեխնիկական-տնտեսական հիմք է մշակում մինչեւ Հայաստանի հետ սահմանը երկաթուղային ճանապարհի համար: «Կարծում եմ՝ շինարարությունը կտեւի առավելագույնը երկու տարի»,-ժամկետներ է սահմանել Ալիեւը՝ հավելելով, որ «մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջանցքի ձեւավորմանը»: Իսկ 2021 թվականի հունվարին ԶԼՄ-ները հայտնել են, որ Ֆիզուլիում Ադրբեջանին անցած տարածքներում միջազգային օդանավակայան կկառուցվի:
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը 1990-ականների հետեւանքների հաղթահարումն է: Դա հատկապես ցավոտ է Հայաստանի համար. երկիրը հայտնվել է իրավիճակում, որը համեմատել են շրջափակման հետ: Խորհրդային շրջանում բեռների զգալի մասն անցել է Ադրբեջանական ԽՍՀ տարածքով:
Իրավիճակը վատթարացել է վրաց-աբխազական հակամարտությունից եւ Վրաստանում քաղաքացիական պատերազմից հետո. Սուխումիի երկաթուղային ճանապարհը փակել են, իսկ իշխանության կաթվածահար լինելը խնդրային է դարձրել ավտոմոբիլային ճանապարհներով տեղաշարժը: Փակել են նաեւ Թուրքիայի հետ սահմանը: Առանձին տվյալներով՝ 1992 թվականին Հայաստանի արտաքին առեւտուրը բառացիորեն փլուզվել է. շրջանառությունն ընկել է 94 տոկոսով՝ 1990 թվականի համեմատ: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հաղորդակցությունների վերսկսման մասին պայմանավորվել են 2020 թվականի նոյեմբերին, երբ ստորագրվեց Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը:
Ինչո՞ւ Փաշինյանը մեկնեց Մոսկվա
Մոսկվայում հանդիպման ժամանակ Փաշինյանը նշեց, որ տնտեսության եւ տարանցման հարցերը քննարկել իրեն խանգարում է մարդասիրական խնդիրների չլուծվածությունը: «Կարծում եմ՝ մեր բոլորիս համար ամենազգայուն եւ ցավոտ թեման ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների մարմինների փոխանակման հետ կապված հարցերն են»,-պարզաբանել է Փաշինյանը:
Հայրենիքում քաղաքական ֆոնը չի նպաստել տրանսպորտային հաղորդակցության մասին բովանդակային բանակցություններին: Երեւանում տարեվերջին անժամկետ հանրահավաք են հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Փաշինյանը Մոսկվա է մեկնել հակառակորդների չխրախուսող մեկնաբանությունների ներքո:
Հայաստանում շատերը Ղարաբաղում հաշտեցման մասին հայտարարությունն ընդունում են որպես պարտություն: 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ Երեւանն ու Բաքուն դադարեցրեցին կրակը, պայմանավորվեցին փոխանակվել գերիներով եւ զոհվածների մարմիններով: Ադրբեջանին անցան Քարվաճառի, Բերձորի եւ Ակնայի շրջանները: Տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախումբ տեղակայվեց: Փաստաթղթի հրապարակումը բողոքի ալիք բարձրացրեց Հայաստանում:
Փաշինյանին չօգնեցին գերիների վերադարձի մասին խոսքերը: Հայրենիքում նրան կշտամբեցին, որ նա քննարկեց «ադրբեջանական օրակարգը»:
Միեւնույն ժամանակ, մինչ այդ՝ նոյեմբերին, Փաշինյանը կարեւոր էր համարում ճանապարհների ապաարգելափակումը:
«Մոտ ապագայում մենք պետք է կենտրոնանանք դրա վրա: Խոսելով ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանում տնտեսական կայունության մասին, մենք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք»,-կոչ էր անում վարչապետը:
Կարծրատիպերի ցավոտ կոտրում
Պատմական գիտությունների թեկնածու, Կովկասի հարցերով մասնագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք է հայտնել, որ Մոսկվայում կայացած հանդիպումը դիվանագիտական բարդ խաղի միայն նախաբանն է: «Եթե օգտվենք կեցության մասին մարքսիստական թեզից, որը սահմանում է գիտակցությունը, ապա հակամարտող ժողովուրդների հոգեբանությունը պետք է փոխի առեւտուրը: Տարածաշրջանն ու Հայաստանը հեռանկարում կհաղթեն, սակայն այժմ Երեւանում ընթանում է կարծրատիպերի ցավոտ կոտրում»,-ասում է նա:
Փորձագետը չի բացառում, որ Մինսկի ձեւաչափն աստիճանաբար վերածվում է եռակողմ ձեւաչափի՝ Ռուսաստան, Հայաստան եւ Ադրբեջան: «Հակամարտության անցումը քաղաքական-դիվանագիտական հուն անխուսափելի է դարձել այն բանից հետո, երբ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին: Ոչ ոք չի ցանկանում առճակատում երրորդ կողմի՝ Ռուսաստանի հետ: Իսկ Երեւանի հետ համագործակցությամբ հետաքրքրված է նույնիսկ Անկարան»,-նշում է Տարասովը:
Ռուսաստանցի կովկասագետ Նուրլան Գասիմովը կարծում է, որ ճանապարհների բացումից կշահեն բոլոր երեք կողմերը. «Նախկինում Ռուսաստանի եւ Հայաստանի կապն իրականացվել է օդով կամ Ռազմավրացական ճանապարհով: Այժմ երկրները ստանում են ցամաքային հաղորդակցություն: Դա կարեւոր է Հայաստանի համար որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ինչպես նաեւ ռուսական ռազմաբազայի համար»: Ընդ որում, նրա խոսքով, Ադրբեջանը Ռուսաստանից ռազմական տարանցումն իր համար սպառնալիք չի գնահատում:
Փորձագետը համաձայն է՝ Ղարաբաղում շատ չլուծված խնդիրներ կան, եւ Փաշինյանի դիրքորոշումը կարելի է հասկանալ: Սակայն պատահական չէ, որ երեք երկրների առաջնորդները սկսել են տնտեսությունից, քանի որ հենց տնտեսական կապերն են ուղի հարթում դեպի լիարժեք համագործակցություն եւ հաշտեցում:




























