Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր` հունիսի 6-ին որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5 տոկոս: Ըստ ԿԲ-ի կողմից տարածած հաղորդագրության`ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն առաջիկա ժամանակահատվածի համար մեղմվել են. հիմնական հումքային ապրանքների գները ամսվա սկզբին նվազել են, իսկ պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն են:  

Նշվել է նաեւ, որ գնաճային միջավայրի վրա ներքին տնտեսությունից եկող ազդակները շարունակում են չեզոք լինել. աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները չեզոքացվում են մասնավոր ծախսումների դանդաղ աճով եւ հարկաբյուջետային քաղաքականության զսպող բնույթով:

Միեւնույն ժամանակ, ակնկալվում է տեղական արտադրության գյուղմթերքների արտադրության աճ եւ դրանց գների նվազում:

ԿԲ խորհուրդը գտնում է, որ ֆինանսական շուկայում ձեւավորված տոկոսադրույքների միջոցով հնարավոր է առկա գնաճային միջավայրի զսպումը, ինչի արդյունքում կանխատեսվող ժամանակային հորիզոնում (հավանաբար` նկատի ունեն տարեւերջը,-խմբ) գնաճը կգտնվի 4%±1.5 տատանումների թույլատրելի միջակայքում: