ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերում նավթի շուկայի վերականգնմանը` կորոնավիրուսի համավարակի պատճառով պահանջարկի կտրուկ անկումից հետո, հաղորդում է Reuters-ը:
ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարկինդոն առցանց հանդիպմանն ասել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության եւ ՕՊԵԿ+ անունով հայտնի խմբի ամենամսյա հանդիպումները, որոնք գլխավորում է Ռուսաստանը, նպատակ ունեն կանխել երկրորդ անհավասարակշռությունը: «Մենք բոլորս համաձայն ենք, որ վերականգնումը փխրուն է, դեռ ավելի շատ անորոշություն կա, բայց մենք զգուշավոր լավատեսությամբ ենք վերաբերում այս տարվա վերականգնման իրագործմանը»,- Ատլանտյան խորհրդի գլոբալ էներգետիկ ֆորումում ասել է Բարկինդոն:
Նավթի գներն այս ամսվա ընթացքում բարձրացել են մինչեւ 11 ամսվա առավելագույն ցուցանիշ, ինչին նպաստել է փետրվարին արտադրությունը կայուն պահելու մասին OPEC + - ի անդամ երկրների մեծամասնության որոշումը, եւ Սաուդյան Արաբիայի կողմից արտադրությունն ինքնակամ կրճատելու խոստումը:
Հնդկաստանի նավթի նախարար Դհարմենդրա Փրադանը նույն միջոցառման ժամանակ ասել է, որ ՕՊԵԿ-ի որոշ երկրների կողմից արտադրության կրճատման անսպասելի քայլը բարձրացրել է գները եւ շփոթություն ստեղծել սպառող երկրների համար:
ՕՊԵԿ-ի անդամ Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարարը նախկինում նույն միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ այս տարի ականատես է եղել շուկայի վերականգնման մեկնարկի: «Այս տարին, ինչպես տեսնում ենք, վերականգնման տարի կլինի՝ լինի դա տարեվերջը, որի ընթացքում մենք պետք է հավասարակշռության հասնենք, թե 2022-ի սկիզբը»,- ասել է Սուհաիլ ալ-Մազրուեյը՝ հավելելով, որ նավթի պահանջարկի լավ աճ է տեսնում Չինաստանում եւ Հնդկաստանում:




























