Հնդկաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարել հարեւան երկրներին, հայտնում է AP-ն:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկիրը չորեքշաբթի օրը Շիճուկների հնդկական ինստիտուտի կողմից արտադրվող AstraZeneca-ի 150 000 դոզա պատվաստանյութ կուղարկի Բութան եւ 100 000՝ Մալդիվներ:

Առաջիկա շաբաթներին պատվաստանյութեր կուղարկվեն նաեւ Բանգլադեշ, Նեպալ, Մյանմար եւ Սեյշելյան կղզիներ: Հայտարարության մեջ նշվում է, որ կարգավորող մարմինների թույլտվություններ են սպասվում Շրի Լանկայից, Աֆղանստանից եւ Մավրիկիայից:

Հնդկաստանը կշարունակի պատվաստանյութեր մատակարարել նաեւ ամբողջ աշխարհի երկրներին: Այս նախաձեռնությունը պայմանավորված է ներքին եւ միջազգային պահանջարկով ու պարտավորություններով: