Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 28 քաղաքացիների, այդ թվում՝ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի դեմ «ոչ խելամիտ գործողությունների համար, որոնք լուրջ վնաս են հասցրել Չինաստանի ներքին գործերին»:

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ մի քանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին Թրամփի լիազորությունների ժամկետը լրանալուց անմիջապես հետո: Չինաստանի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել 28 մարդու դեմ Չինաստանի ինքնիշխանությունը խախտելու գործում նրանց մասնակցության պատճառով: Պաշտոնական անձանց ցանկում են ընդգրկվել Պոմպեոն, նախագահի օգնական Փիթեր Նավարոն, պետքարտուղարի օգնական Դեւիդ Սթիլուելը, առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարն ու Սթիվ Բենոնը: «Այդ մարդկանց եւ նրանց մտերիմ բարեկամներին արգելված է մուտք գործել Չինաստան, այդ թվում՝ Հոնկոնգ եւ Մակաո: Նրանց եւ նրանց հետ կապված ընկերություններին նաեւ արգելած է գործարքներ կնքել Չինաստանի հետ»,-ասված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Նախարարությունում հայտարարել են, որ այդ պաշտոնյաների կողմից իրականացված «խելագար քայլերը լուրջ վնաս են հասցրել Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին»: