Շվեյցարիայի ԱԳՆ-ն երեկ ուշ երեկոյան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ հստակեցրել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամկետն ու վայրը: Ըստ այդմ, ստորագրման արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում, որտեղ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն իրենց ստորագրությունները կդնեն նախաստորագրված փաստաթղթերի տակ: Ստորագրման արարողությունը պաշտոնապես տեղի է ունենալու Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյի ներկայությամբ:
Արարողությանը ներկա են գտնվելու նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան: Ինչպես նշված է հաղորդագրությունում, արձանագրությունները ստորագրումը «արդյունք է Շվեյցարիայի միջնորդական գործունեության»:
Շվեյցարիան ավելի քան մեկ տարի, կողմերի խնդրանքով, հանդես է եկել միջնորդի դերում՝ նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: «Սա ընդամենը Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման, հարաբերությունների բարելավման ճանապարհին մի քայլ կլինի, չափազանց կարեւոր քայլ, բայց ոչ երբեք՝ ճանապարհի վերջը», — կարծիք է հայտնել շվեյցարացի վերլուծաբան Վինսենթ Լանդենը:
Իսկ Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտի Թուրքիայի նախագծի տնօրեն Օմեր Տասպինարը փաստաթղթերի ստորագրումը «այս գործընթացի ամենադյուրին մասն» է համարում: Հիշեցնենք, որ արձանագրություններից մեկը վերաբերում է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, իսկ մյուսը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Դրանք ուժի մեջ կմտնեն միայն խորհրդարանական վավերացումից հետո: Բայց նկատի ունենալով ստորագրման արարողությանը աշխարհի գրեթե բոլոր զորեղների ներկայությունը, հարկ է նշել, որ այս գործընթացի միջնորդները եւ հովանավորները նույնպես շահագրգռված են, որ այս երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատվեն:




























