Իրաքի մայրաքաղաքի շուկայում մահապարտների մասնակցությամբ կրկնակի ահաբեկչության հետեւանքով, նախանական տեղեկություններով, զոհվել է նվազագույնը 28 մարդ, վիրավորվել է 73-ը, փոխանցում է BBC-ն:
Իրաքի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ մահապարտներն իրենց պայթեցրել են Բաբ ալ Շարքի շրջանում Թայարան հրապարակում գտնվող իրերի շուկայում: Նրա խոսքով՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները հետեւել են մահապարտներին, բայց նրանք հասցրել են իրենց պայթեցնել, մինչ նրանց կվնասազերծվեին:
Վերջին անգամ Բաղդադում մահապարտների մասնակցությամբ ահաբեկչություն էր իրագործվել 2018 թվականի հունվարին: Իրաքի բնակչության դեմ կատարված նման հարձակումները ընդհանուր հարյուրավոր կյանքեր են խլել միայն վերջին տասնամյակում:
Ներկա պահին ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն Իրաքում վերջին տարիներին նման ահաբեկչական հարձակումները մյուսներից ավելի ակտիվ են իրագործում «Իսլամական պետություն» խմբավորման անդամները:





























