Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի աշխատակցի մահվանը ներգրավված լինելու մեջ կասկածվող ՀՀ քաղաքացին 8 տարվա ազատազրկման է դատապարտվել, առգրավվել է նրա գույքը, հաղորդում է «Ֆակտի»-ն:
Կիեւի քաղաքային դատախազության հաղորդմամբ՝ մայրաքաղաքի Շեւչենկովի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ուկրաինայի ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասով (ավազակային հարձակում): Իր մեղքը նա մասնակի ընդունել է:
Դատախազությունում հիշեցրել են երկամյա վաղեմության իրադարձությունների մասին, երբ 2019 թվականի մարտին Կիեւի Բագովուտովսկի փողոցում ՝ հենց եկեղեցու դարպասների դիմաց, հայտնաբերել են տղամարդու արյունոտ դի: Սպանվածը Ուկրաինայի աուդիտորական պալատի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի գլխավոր խորհրդական Ալեքսանդր Բուխտատին էր:
«Մեղադրյալն իր հանցակցի հետ տուժածին հանդիպել է փողոցում եւ ավազակային հարձակում իրականացրել՝ տղամարդուն առնվազն 4 հարված հասցնելով գլխի հատվածում: Հաջորդ օրը տղամարդու մարմինը գտել են բնակիչները»,-հայտնել են դատախազությունում եւ հավելել, որ հարձակում գործած անձանցից մեկն արդեն ձերբակալվել է:





























