«Ցանկացած ընդդիմադիր ուժի կարծիք մեզ հետաքրքիր է: Մենք կծանոթանանք, եւ կարծում եմ որ դա օգտակար կլինի»,- երեկ ՀՅԴ կազմակերպած երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Նշենք, որ նա դուրս եր եկել փողոց եւ սպասում էր, որ երթը հասնի նախագահական նստավայրի մոտ, որպեսզի երթի կազմակերպիչների հայտարարության տեքստը վերցնի:
NEWS.am-ը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախագահական նստավայրի հետ համաձայնեցվել է, որ Կարեն Կարապետյանը պետք է դուրս գա եւ դիմավորի իրենց, որի կապակցությամբ նա ասաց. «Այո պայմանավորվել էինք, որ պետք է հանձնենք մեր հայտարարության տեքստը: Իհարկե չէինք ասել, որ դուրս գա փողոց: Երեւի դուրս եկավ փողոց, որպեսզի մենք ներս չմտնենք»:
Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ի պատասխան մեր հարցի, թե որեւէ ենթատեքստ չի՞ տեսնում, որ նախագահական նստավայրից այդպիսի ուշադրության են արժանանում, ասաց. «Ենթադրենք իշխանությունն ինչ-որ մաս ունի ու փորձում է հասկանալ, որ այս ընդդիմության հետ դեռ եզրեր ունի: Սա իշխանությունների նախաձեռնությունն էր: Այս պարագայում, քանի որ գնալով գործընթացները ռադիկալանալու են, արդեն նշանակություն չունի, պրոյեկտ է եղել, թե չի եղել: Միեւնույն է արդեն բոլորը նույն բանն են ասելու` հրաժարական»:



















