Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները կարող են իտալական Ակվիլայում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ ԼՂ վերաբերյալ հայտարարություն ընդունել: Այս մասին, ըստ «Ռիա նովոսի»-ի, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի հարցում կան խորհրդակցություններ, որը կարող է հռչակագրի տեսք ստանալ: Դրա շուրջ, ըստ էության, համաձայնություն կա»,- ասել է Դվորկովիչն ու հավելել. «Մենք ակնկալում ենք, որ այդպիսի հայտարարություն կարող է հրապարակվել, սակայն, այն ամենայն հավանականությամբ, կլինի եռյակի հայտարարություն (Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից), քան „ութնյակի“: Նման պրակտիկա գագաթաժողովներում կա»: