«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելը նրա համար պետք է խթան հանդիսանա աշխարհում անարդարությանը վերջ դնող աշխատանքներ սկսելու համար»,- երեկ հայտարարել է Իրանի նախագահի օգնական Ալի Աքբար Ջավանֆեքրը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը երեկ արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի` միջազգային քաղաքականությունում առանց միջուկային զենքի խաղաղության հաստատման նրա ջանքերի համար, որտեղ բազմակողմանի դիվանագիտությունը կարեւոր դեր ունի։
«Մենք հուսով ենք, որ դա նրան կդնի մի ճանապարհի վրա, որը կբերի արդար խաղաղության»,- ասել է Ալի Աքբար Ջավանֆեքրն ու հավելել. «Մենք հիասփաթված չենք եւ կարծում ենք, որ այս մրցանակն ստանալով, նա կսկսի քայլեր անել աշխարհում տիրող անարդարության վերացման ուղղությամբ»:
Այս հայտարարությունը իրանական իշխանությունների առաջին արձագանքն է եղել՝ կապված ԱՄՆ նախագահի միջազգային մրցանակի արժանանալուն:
Իրանի նախագահի օգնականը երկու ոլորտ է նշել, որոնցում, նրա խոսքով, Օբաման պետք է դրսեւորի իրեն, որպեսզի ապացուցի, որ արժանիորեն է ստացել մրցանակը։ Խոսքն առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքի փոփոխությունն է։
2005-ին իշխանության գալուց հետո Մահմուդ Ահմադինեջադը մեկ անգամ չէ, որ կոչ է արել փոփոխել վետոյի իրավունքը, որը ԱՄՆ եւ խորհրդի չորս մշտական անդամներ օգտագործում են այս միջազգային կարեւոր մարմնի որոշումները կանխելու համար։ «Փոփոխելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը՝ նա ցույց կտա, որ ինքը վաստակել է այդ մրցանակը»,-հայտարարել է Ջավանֆեքրն ու հավելել, որ Օբաման պետք է նաեւ «պատմի այն մասին, թե ինչ է արել՝ կրճատելու համար այն անդունդը, որ կա ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների միջեւ»:



















