«Հայաստանը եւ Թուրքիան մտադրվել են իրենց հարաբերությունները կարգավորել դարավոր թշնամանքից հետո, որը հիմնված է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների վրա»,- վերլուծելով հայ-թուրքական հարաբերությունները՝ գրում է BBC-ի մեկնաբան Ջոնաթան Հեդը։ Նրա հոկտեմբերի 10-ին հրապարակած հոդվածում մասնավորապես գրում է. «Թուրքիան՝ արագ աճող տարածաշրջանային ուժ է, որը համաշխարհային տնտեսության մեջ 17-րդ տեղն է գրավում, եւ, ինչպես երեւում է, նրան այս պայմանագիրը ավելի քիչ է անհրաժեշտ, քան Հայաստանին, որը փոքր, դեպի ծով ճանապարհ չունեցող երկիր է եւ դեռ գտնվում է ետխորհրդային աղքատության մեջ։ Սակայն, ներկայիս թուրքական քաղաքականությանը հեշտ չէր հասնել այդ ամենին»:
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, հակառակ ազգայնականների արգելքի, կողմնորոշված է երկրում արագ տնտեսական աճ եւ կյանքի բարելավում ապահովելուն։ Սրա վրա է հիմնված նրա արտաքին քաղաքականության հիմնադրույթը՝"Ոչ մի խնդիր հարեւանների հետ": Հայաստանի հետ կապի վերականգնումը, Թուրքիայի համար պայման է հանդիսանում, որպեսզի նա դառնա ԵՄ անդամ",-կարծում է Ջոնաթան Հեդը։
Նա ընդգծում է, որ Թուրքիան 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո՝ առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը։ Սակայն, երկու խոչընդոտներ առաջացան, որոնք Թուրքիան ձգտում էր հաղթահարել նախքան դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Առաջինն այն է, որ Թուրքիան մտադրված չէր գործ ունենալ «1915 թվականին թուրքական զորքերի կողմից էթնիկ հայերի զանգվածային սպանությունների ընդունման համար հայկական քարոզարշավի հետ»: Հոդվածում գրված է, որ այդ ոլորտում Թուրքիան հաջողությունների է հասել, քանի որ արձանագրությունում, որը ինքը կստորագրի, ասվում է, որ պատմական հարցը կքննարկվի երկկող հանձնաժողովում, որին կօժանդակեն միջազգային փորձագետները։
Երկրորդ խնդրահարույց հարցը Լեռնային Ղարաբաղն էր։ Թուրքական իշխանությունները փակել էին Հայաստանի հետ սահմանը, երբ 1993 թվականին հայերը իրենց վերահսկողության տակ էին վերցրել Ղարաբաղին հարակից տարածքները։ Այդ օրվանից պաշտոնական Անկարան Բաքվին խոստացել էր չբացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել։ Սակայն, Թուրքիան ստիպված եղավ հետաձգել իր պայմանը եւ համաձայնել, որ Հայաստանի հետ սահմանը բացելը եւ ղարաբաղյան հակամարտության խնդիրը անկախ գործընթացներ են։
Սպասվում է, որ արձանագրությունները կընդունվեն թուրքական կառավարության կողմից, եւ քանի որ 1915 թվականի ջարդի հարցը չի լինելու օրակարգային, թուրք ընտրողները հնարավոր է, որ պաշտպանեն Էրդողանի որոշումը: Թեեւ, ինչպես ընդգծել է փորձագետը, նրանից կարող էին պահանջել պահել Ադրբեջանին տված խոստումը։ Փորձագետի կարծիքով, արձանագրությունները, որոնք ենթադրում են 2 ամսվա ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունների ամբողջական վերականգնում, ամենայն հավանականությամբ այսօր կստորագրվեն:




























