2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում կկայանա գիտության եւ արվեստների «STARMUS» (Stars and Music) 6-րդ միջազգային փառատոնը: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար մեծ պատիվ է երկրում նման միջազգային փառատոն ընդունելը, սպասվում են գիտության եւ արվեստների ոլորտներում հայտնի մարդկանց այցեր: «Թույլ տվեք առայժմ անուններ չտամ, քանի որ ամեն ինչ հստակեցվում է: Փառատոնից առաջ աշխարհի տարբեր քաղաքներում կանցկացվեն նախնական միջոցառումներ, դրանք նախատեսված են Մոսկվայում, Աբու Դաբիում, Սինգապուրում եւ այլ քաղաքներում: Մեր հիմնական նպատակն է գիտության տարածումը: Այս փառատոնը մեզ համար անչափ կարեւոր է գիտության հանդեպ երիտասարդների հետաքրքրության աճի տեսանկյունից, քանի որ մենք ցանկանում ենք Հայաստանում բարելավել տեխնոլոգիական կրթության որակը»,- հավելեց Մարտիրոսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նախատեսված են տարբեր մեծ եւ փոքր միջոցառումներ: Ներկայումս ծրագիրը մշակվում է: Դրանից բացի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, ինչպես նաեւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ցանկանում են այնպես անել, որ տոմսերը հասանելի լինեն: Ավելին՝ նրանք ցանկանում են, որ «STARMUS»-ի շրջանակում անպայման անցկացվեն բաց քննարկումներ, եւ որ ավելի մեծ թվով մարդիկ կարողանան միջոցառումներին մասնակցել: «Մենք փառատոնից շատ բան ենք ակնկալում. դա ե՛ւ գիտության հանդեպ հետաքրքրության ընդհանուր աճն է, ե՛ւ մի շարք գիտական հաստատությունների հետ միջազգային կապերի ընդլայնումը: Կարծում եմ, որ տեղում շատ գաղափարներ կծնվեն: Սա այնքան մեծածավալ միջոցառում է, որ կարող է դառնալ նաեւ տնտեսապես նշանակալի: Այն կարող է կարեւոր լինել նաեւ զբոսաշրջության խթանման տեսանկյունից»,- շեշտեց փոխնախարարը:





























