Սինգապուրի իշխանությունները հայտնել են, որ կալանավորել են 16-ամյա դեռահասի, ով ահաբեկչություններ է նախապատրաստել երկու մզկիթներում, հայտնում է AP-ն:

Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ սինգապուրցի պատանին ոգեշնչվել է ավստրալացի գրոհայինից, ով 2019 թվականին Նոր Զելանդիայի երկու մզկիթներում 51 մարդ է սպանել:

Էթնիկ հինդու-քրիստոնյա դեռահասին, որի անունը չի նշվում, «դրդել է իսլամի հանդեպ ուժեղ հակակրանքն ու բռնության կիրքը»:

Նա դարձել է ահաբեկչության մեջ ամենաերիտասարդ կասկածյալը, որը, երկրի ներքին անվտանգության մասին օրենքի համաձայն, գտնվում է կալանքի տակ:

Հետաքննությունը պարզել է, որ տղան մենակ է աշխատել եւ պատրաստվել է մարտի 15-ին՝ Քրայսթչեչի ահաբեկչության երկրորդ տարելիցին, հարված հասցնել իր տան մոտ գտնվող երկու մզկիթներին: Ինչպես վերջին դեպքում, նա նույնպես մտադիր էր ուղիղ հեռարձակել իր հարձակումը՝ բջջային հեռախոսները ամրացնելով բաճկոնին: Նա նաեւ նախապատրաստել է երկու հայտարարություն՝ հարձակումից անմիջապես առաջ տարածելու համար։

Տեղական ԶԼՄ-ները մեջբերում են արդարադատության եւ ներքին գործերի նախարար Կ. Շանմուգամին, ով հայտարարել է, որ իշխանությունները մտադիր չեն մեղադրանք առաջադրել դեռահասին, քանի որ նա անչափահաս է եւ հանցանք չի գործել:

Իշխանությունները հայտնել են, որ դեռահասը կանցնի վերականգնողական գործընթաց, որը ներառում է կրոնական, հոգեբանական եւ սոցիալական խորհրդատվություն:

Գերատեսչությունից հայտնել են, որ դեռահասը պատրաստ է եղել մահանալ հարձակման ժամանակ: Պատանու ընտանիքը եւ մտերիմները չեն իմացել ոչ նրա ծրագրերի, ոչ էլ իսլամի հանդեպ ատելության մասին:

«Այս դեպքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ծայրահեղ գաղափարները կարող են արձագանք գտնել սինգապուրցիների շրջանում եւ արմատականացնել նրանց՝ անկախ ռասայից եւ կրոնից»,- հայտարարել են նախարարությունում: