Միացյալ Նահանգների իշխանությունները պնդում են Իրանի հրթիռային խնդրի լուծման ուղղությամբ, սակայն նրանց համար առաջնահերթություն է Թեհրանի միջուկային ծրագիրը: Այդ մասին ուրբաթ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե մենք կարող ենք վերադառնալ դիվանագիտության, որպեսզի կասեցնենք Իրանի միջուկային ծրագիրը, դա կհանգեցնի հարթակի ստեղծման, որի շրջանակում կձեռնարկվեն համընդհանուր ջանքեր՝ ներառյալ տարածաշրջանում, Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում գործընկերներին եւ դաշնակիցներին Իրանի ներկայացրած ուրիշ լուրջ սպառնալիքները վերացնելու նպատակով՝ ներառյալ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը… Մենք պետք է հակազդենք այդ նշանակալի սպառնալիքին: Սակայն մենք կարծում ենք, որ խիստ կարեւոր է լուծել միջուկային ճգնաժամի սրացման հարցը, քանի որ Իրանը մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը»,-նշել է Սալիվանը:

Ըստ նրա՝ վերջին տարիներին Թեհրանի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը եւ միջուկային ծրագիրը զգալի առաջընթաց են գրանցել: «Միեւնույն ժամանակ տարածաշրջանում նրանց ագրեսիվ վարքագիծը չի թուլանում»,-կարծում է Սալիվանը: Նախագահի խորհրդականն, ըստ էության, պնդել է, որ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ռազմավարությունն Իրանի նկատմամբ չի գործել: Նա հավելել է, որ ներկայիս նախագահ Ջո Բայդենը Թրամփից «ժառանգել է» Իրանը, որը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը:

Ուրբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ամրապնդել եւ երկարաձգել Իրանի միջուկային Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակում սահմանափակումները եւ դրանց ժամկետը, ինչպես նաեւ տարածել դրա գործողությունը Թեհրանի այլ գործունեության վրա: Ընդ որում՝ Փսակին հասկացրել է, որ դեռեւս վաղ է խոսել Բայդենի եւ Իրանի ղեկավարության միջեւ պայմանագրերի մասին: