Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում դեմ առ դեմ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հետ։ Հանդիպումը կկայանա այսօր` հոկտեմբերի 10-ին, նախքան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Այս մասին հաղորդում է Ցյուրիխում գտնվող NEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ն երեկ ուշ երեկոյան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ հստակեցրել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամկետն ու վայրը: Ըստ այդմ, ստորագրման արարողությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում, որտեղ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն իրենց ստորագրությունները կդնեն նախաստորագրված փաստաթղթերի տակ: Ստորագրման արարողությունը պաշտոնապես տեղի է ունենալու Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյի ներկայությամբ: Արարողությանը ներկա են գտնվելու նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան: