Երկուշաբթի առավոտյան Լեսբոս կղզու մոտ 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Աթենքի երկրադինամիկական ինստիտուտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տեղական ժամանակով 07:46-ին տեղի ունեցած ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ կղզուց 46 կմ հարավ-արեւմուտք: Օջախը տեղակայված է 14,9 կմ խորությամբ: Երկրաշարժը զգացվել է հարեւան Խիոս կղզում:
Փաստացի միանգամից (07:47-ին) նույն շրջանում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրորդ ցնցումը: Օջախը տեղակայված էր 12,5 կմ խորությամբ: Ժամը 08:00-ին գրանցվել է 4,5 մագնիտուդով երրորդ ցնցումը՝ 15,9 կմ խորությամբ օջախով: Հաղորդվում է, որ մինչեւ 4,8 մագնիտուդով առաջին երկրաշարժը, կղզում գրանցվել է 3,8 մագնիտուդով ավելի թույլ ցնցում:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:



























